Փորձում եմ այդ գիտակցումն իմ մեջ սերմանել, որ մի օր իմ հերթն էլ է գալու․ Նարե Գրիգորյանն՝ ընտանեկան կյանքի և ապագայի մտածմունքների մասին

Երգչուհի Նարե Գրիգորյանը, ինչպես շատերն այս շրջանում, փորձում է վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին՝ մասնավորապես վերադարձ բեմին։ Երգելու հետ մեկտեղ Նարեն այս ընթացքում հնարավորություն ստացավ բավարար ժամանակ հատկացնելու նաև ընտանիքին և փոքրիկ որդուն, ով այս շրջանում մոր ուշադրության և խնամքի կարիքն առավել շատ ունի։
ShowBiz.am-ը երգչուհու հետ զրուցել է այս շրջանում իր զբաղվածության, ընտանեկան կյանքի, նախորդ տարվա դժվարությունների, կանանց տոների, ինչպես նաև հայ կնոջը բաժին հասած դժվարությունների և խնդիրների մասին։

Խոսելով նախորդ տարվա բարդ ընթացքի մասին՝ երգչուհին պատմում է․ «Ես, ինչպես մնացած բոլորը, այդ ընթացքը բավականին ծանր տարա։ Այն ժամանակ, երբ դեռ չկար պատերազմը, և մեր միակ մտածմունքի առարկան քովիդն էր, բոլորս կարծում էինք, որ դրանից վատ էլ չէր կարող լինել, բոլորիս համար շատ դժվար ժամանակներ էին, չէր կարելի տանից դուրս գալ, բոլորս վախենում էինք մեր առողջության համար և այսպես շարունակ։ Չնայած այն ժամանակ կարելի էր դեռ ինչ-որ լավ բաներ գտնել, օրինակ՝ ես դրա շնորհիվ կարողացա ավելի շատ ժամանակ անցկացնել բալիկիս հետ, նրան տրամադրել այն ժամանակը, որը մինչ այդ աշխատանքի պատճառով հնարավոր չէր լինում անել»,- պատմում է Նարեն, ապա հավելում․  «Կորոնավիրուսի ընթացքում բոլորս մտածում էինք, որ դրանից հետո հաստատ ավելի լավ է լինելու, պետք է ուղղակի մի փոքր էլ դիմանալ, բայց փաստացի դրան եկան շարունակելու ավելի վատ ժամանակները։ Պատերազմի ընթացքում կորոնավիրուսն ու դրա հետ կապված ամեն բան արդեն զրոյական դարձավ մեզ համար»։

Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում երգչուհին հասցրել է մի քանի երգերի վրա աշխատել և փորձ է արել կամաց-կամաց դրանք կյանքի կոչել, բայց․․․ «Բայց պատերազմը ինչպես իմ շատ գործընկերների, այնպես էլ ինձ մոտ պլանների փոփոխություններ առաջացրեց։ Պատերազմի ընթացքում ոչ-ոք ոչ տրամադրություն, ոչ հավես և ոչ էլ ցանկություն ուներ որևէ բանով զբաղվելու։ Այնպես որ այդ պլանները որոշ ժամանակով ստիպված եղանք հետաձգել։ Իսկ այսօր ես արդեն ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ մեր երկիրը փորձում է ոտքի կանգնել և մշակույթի ու արվեստի տարբեր բնագավառներում նորություններով ներկայանալ»։

Ոլորտի աշխուժացումն իրոք նկատելի է։ Կարելի է տեսնել, թե մարդիկ ինչպես են հավաքվում տարբեր առիթների և միջոցառումների շուրջ և փորձում առաջ շարժվել։ Երգչուհին նշում է․ «Մի կողմից շատ ողջունում եմ դա, սակայն մյուս կողմից էլ ես ինքս դեռ չեմ կարողանում ոչինչ անել դրա ուղղությամբ և դեռևս շարունակում եմ անկայուն և անորոշ վիճակում գտնվել»։

Անդրադառնալով գալիք ծրագրերին և սպասվելիք նախագծերին՝ Նարեն մանրամասնում է․ «Գիտեք՝ եթե մեկ տարի առաջ ինձ այս հարցը տայիք, ես կարող էի ձեզ հստակ պատասխանել, որ սպասվում է այսինչ նորությունը, այսինչ երգերն ու տեսահոլովակները, սակայն կյանքը մեզ մի բան սովորեցրեց, որ պետք է ապրել այս օրով և վաղվա մասին նույնիսկ մտածել հարկավոր չէ, քանի որ չգիտենք, թե վաղն ինչ կարող է լինել մեզ հետ, առավել ևս այս ճգնաժամային ու մի փոքր անկայուն իրավիճակում։ Ես ապրում եմ այսօրվա օրով, փորձում եմ շատ սեր տալ և շատ սեր վերցնել, ուրիշ ոչինչ այս պահին էական չէ։ Իհարկե, կան պլաններ, որոնք դեռևս միայն մտքումս են, ես նույնիսկ չեմ համարձակվում այս պահին դրանք արտաբերել։ Ես միայն հույս ունեմ, որ այս ամենը գոնե մի փոքր դրական լուծում կստանա»։

Իրականում, շատ բարդ է լինել նորաթուխ մայրիկ և միևնույն ժամանակ չմոռանալ աշխատանքի մասին։ Սակայն Նարեի մոտ, կարծես թե, հաջողվում է դրանք համատեղելը․ «Որքան էլ որ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ես երբեք երգելը հոբբի չեմ համարել, իսկ դրանում կայուն և մնայուն տեղ ունենալու համար մշտապես հարկավոր է քրտնաջան աշխատել և երբեք աչքաթող չանել։ Ու այս պարագայում համատեղելը շատ բարդ է, բայց եթե կա ցանկություն բեմ վերադառնալու, ամեն հնարավոր և անհնարին բան կարելի է անել դրան հասնելու համար»։

Խոսելով մեր սովորածի և չսովորածի, այն ամենի մասին, ինչը կյանքը մեզ ցույց տվեց և ապացուցեց՝ Նարեն նշում է․ «Կյանքը ուղղակի մեզ մի մեծ դաս տվեց։ Չգտեմ՝ ովքեր կարողացան դրանից ինչ-որ օգուտ քաղել, բայց ես սովորեցի ամեն պահը, վայրկյանը գնահատել և ամեն ինչին ավելի արժևորված և խորաթափանց հայացքով նայել։ Օրերս ես կրկին փորձ արեցի բեմ վերադառնալ, և այդ պահն ուղղակի աննկարագրելի էր, ես, կարծես, կտրվել էի գետնից և ինչ-որ երանության մեջ էի գտնվում։ Ես նույնպես փորձում եմ ինչ-որ կերպ վերադառնալ իմ բնականոն կյանքին, հուսամ, որ ամեն ինչ իրոք լավ կլինի և մեր երկրում ավելի շատ կլինեն ուրախության, հրճվանքի և հպարտության պահեր»։

Անդրադառնալով կանանց տոներին և դրանց նշանակությանը՝ Նարեն շեշտում է, որ պարտադիր չէ կոնկրետ օր որոշել և հիշել, որ այդ օրը պիտի սիրելիիդ ծաղեփունջ նվիրես կամ սիրո խոսքեր ասես։ «Ես երբեք չեմ կարևորել այդ ամսաթվերը, եթե հարցը կնոջն է վերաբերում, ապա մենք մշտապես սիրո, քնքշանքի և ուշադրության կարիք ունենք։ Այնպես որ հարկավոր չէ ինչ-որ հատուկ օրերի սպասել, մանավանդ որ կանայք գիտեն՝ ինչպես շնորհակալ լինել»,- նշում է Նարե Գրիգորյանը։

Խոսելով միամսյակի մասին՝ չենք կարող չանդրադառնալ կնոջը՝ մասնավորապես հայ կնոջը և նրան բաժին հասած բազմաթիվ փորձություններին և դժվարություններին․ «Մեր հայ մայրերն ուղղակի հերոս են, որ կարողանում են ծնել այնպիսի հերոսներ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել մեր երկրի սահմանները։ Հայ կանայք անսահման ուժեղ են, բառերն ուղղակի անզոր են նկարագրելու, թե ինչերի միջով է անցնում հայ կինը, բայց շարունակում է հավատով և սիրով ապրել, շարունակում է նվիրվել և պայքարել, շարունակում է հերոս մայր լինել։ Երբ տեսնում ես, թե որդի կորցրած մայրը ինչ հպարտությամբ է պատմում ու խոսում իր որդու սխրանքների մասին, ուղղակի չես կարողանում անտարբեր՝ առանց արցունքների նայել, չշարունակել ապշել, թե մարդ ինչքան վեհ, ինչքան անսահման ուժեղ կարող է լինել։ Կինը՝ ավելի կոնկրետ մայրը, շատ հաճախ կարողանում է փոխարինել թե՛ հորը, թե՛ տատիկին, պապիկին, թե՛ քրոջն ու եղբորը, կարողանում է ամեն ինչ հասցնել, ամեն տեղ լինել, ամեն բան անել քեզ համար, և դրա դիմաց հաճախ ոչինչ չպահանջել, դրա համար էլ ասում եմ, որ կնոջը մշտապես է հարկավոր սիրո և քնքշանքի մեջ պահել։ Առաջ գուցե այդքանը չհասկանայի, բայց հիմա ես էլ եմ մայր, ես էլ եմ մեծացնում տղա երեխայի և հասկանում եմ, թե ինչքան դժվար է հայ կնոջ, մոր համար, ով մի օր իր տղային պետք է բանակ ճանապարհի։ Ես արդեն հիմիկվանից փորձում եմ այդ ամենը իմ մեջ սերմանել, այդ գիտակցումը, որ մի օր իմ հերթն էլ է գալու։ Ես ուղղակի խոնարհվում եմ հայ մայրերի առջև և միմիայն շնորհակալ եմ իրենց այն ամենի համար, ինչն այսօր ունենք»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան