«Սա Արցախի խնդիրները միջազգայնացնելու լավագույն ձևն է»․ Ջիվան Ավետիսյանը՝ ֆիլմի մանրամասների մասին

«Դրախտի դարպասը», «Թևանիկ », «Վերջին բնակիչը»`  արցախյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված, հոգեբանական նուրբ շեշտադրումներով ֆիլմեր են, համաեվրոպական մի շարք երկրների կինոգործիչների հետ համատեղ աշխատանքի արդյունք: Ֆիլմեր, որոնց միջոցով ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը բարձրաձայնում է օրակարգային խնդիրներ, ազգային հարցեր՝ ոչ միայն ներքին սպառման, այլև ողջ աշխահին ներկայացնելու համար։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից  2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմը կներկայացվի նրա նոր՝  «Վերածնվածը» ֆիլմում: Ռեժիսորի կողմից արված վավերագրական կադրերի շնորհիվ շատ բացահայտումներ կլինեն:

Ֆիլմի սցենարի հիմքը մի կնոջ գաղտնիք է, որը դառնում է երեք տարբեր ճակատագրերի փոխկապակցման պատճառ․ ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան ու Արցախ։ Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին իր կանադական արմատների հայտնաբերման համար որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ։
Իսկ հերոսի ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսոր ընկերը, ով  հրեական Հոլոքոսթից փրկված սերունդ է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել ։
Հերոսների դժվարություններին և զոհաբերություններին զուգահեռ զարգանում է արհեստական բանականության ծրագիրը։

Մարտի 30-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ջիվան Ավետիսյանն ասաց, որ քանզի այսօրվա դրությամբ մեծ մարտահրավեր է հայկական կինոյի ինտեգրումը Եվրոպա, համաշխարհային կինոհամակարգին, ինքն աշխատում է ստեղծել ֆիլմեր, որոնք ընկալելի կլինեն օտար հանդիսատեսի կողմից։

«Ինչպես խճանկարի պես հավաքվում է ֆիլմի պատմությունը, այնպես էլ ես տարբեր ազգության ու տարբեր երկրների մարդկանց հետ միասին փորձում եմ ստեղծել ֆիլմը։
«Վերածնվածը» ֆիլմի նկարահանումները պլանավորում եմ անցկացնել մի քանի երկրում։
Ֆիլմի նպատակն է յուրաքանչյուր միջոցով ավելացնել բարիքի լույսն աշխարհում։ Հույս ունեմ և հավատում եմ, որ այս ֆիլմից յուրաքանչյուրը կքաղի մի կարևոր խորհուրդ»,– ասում է  ռեժիսորն ու հավելում, որ չի ցանկանում  խոսել դերասանների մասին, քանի որ նախկինում փորձ է ունեցել, երբ ադրբեջանցիները նախապես իմացել են դերասանական կազմի մասին և սոցցանցերում հարձակումների ենթարկել նրանց։
Ավետիսյանը նշում է, որ ֆիլմի արտադրությունը նախատեսում են 2022-ի աշնանը։

«Վերածնվածը» «Ֆիշ ալ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից ստեղծվող չորրորդ լիամետրաժ կինոնախագիծն է, որի շուրջ աշխատանքները սկսվել են 2018-ին։
Այս կինոնախագծով Ջիվան Ավետիսյանը դիմել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող  «Բեռլինի տաղանդներ» ծրագրին և  3400 հավակնորդներից ընտրվել՝ փետրվարին անցկացվող ծրագրին մասնակցելու համար։ «Վերածնվածը» ընգրկվել է From the heart Productions-ի Hot Films in the Making Category-ում։
Կինոնախագծի զարգացման փուլի ֆինանսավորումն ամբողջացված է նաև ամերիկյան «Արցախ արվեստի և մշակույթի հիմնադրամ», լիտվական «Արտբոքս» կինոընկերության,  ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզոյանի ֆինանսական ներդրումների շնորհիվ։

Յուրաքանչյուր մարդ, ով կատարում է որոշակի չափով նվիրաբերություն, ստանում է որոշակի նվերներ։ Ելնելով նվիրատվության չափից որոշվում է նվերի բնույթը։ Նվերներից ամենահետաքրքիրը «Վերածնվածը» ֆիլմում որպես դերասան նկարահանվելու հնարավորությունն է։ Նվիրատվություն կատարողներին սպասվում են նաև մի շարք այլ անակնկալներ։ Նվիրատվություն կատարելու համար հարկավոր է այցելել հատուկ մասնագիտացված կայքը։

Ընդհանուր առմամբ կինոնախագիծն իրականացնելու համար Ջիվանի խնդիրն է գոյացնել զարգացման համար անհրաժեշտ 100 հազար դոլար, որը սակայն, ողջ ծախսերի ընդամենը 10 տոկոսն է կազմում։ Հետագայում ռեժիսորը կդիմի Ազգային կինոկենտրոն, ապա 2022 թվականից սկսած կներկայացվեն հայտեր՝ ուղղված միջազգային ֆոնդերին։

Սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանն էլ շեշտեց, որ Արցախյան թեման ներկայացնելը, միջազգայնացնելն ավելի խոր մեկնաբանություն է ստացել Ջիվանի հենց այս ֆիլմում։
«Եթե ցանկանում ենք Արցախի խնդիրները միջազգային արձագանք ստանան և արտացոլվեն խաղարկային ֆիլմերում, ապա սա լավագույն ձևն է։
Պետք է ասեմ, որ Ջիվան Ավետիսյանը մի ոտքով ներկայում է, մի ոտքով՝ ապագայում, որովհետև ընտրել է կինորտադրությա մեջ մեզ համար ամենարադյունավետ ճանապարհը։ Հիմա դժվար է հայկական կինեմատոգրաֆիայի մասին խոսել, որովհետև խոսքը միշտ գնում է  առանձին անհատների նկարահանած ֆիլմերի մասին, և այս ֆոնին Ջիվանն իր ֆիլմերով տպավորիչ օրինակ է ծառայում ու ցույց տալիս, թե ինչպես կարող է զարգանալ հայկական կինոն։
Ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր սահմանափակ հնարավորությունները․ պետք է ձեռք մեկնել աշխարհին, ինտեգրվել համաշխարհային կինոընտանիք»,-ասում է նա և հավելում, որ ներկա է ոչ թե որպես սցենարի խորհրդատու, այլ որպես կինոգետ, իսկ ֆիլմում շատ բաներ դեռ կփոփոխվեն, բայց թեմայի, կերպարների առումով ֆիլմը շատ հետաքրքիր է լինելու։

Ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանն ընդգծեց, որ առաջին անգամ հայկական կինեմատոգրաֆիայում կօգտագործվի արհեստական բանականությունը, որը զուգահեռ կզարգանա երեք հերոսների հետ միասին, և ինքն էլ կվերածնվի։ Նա նաև նշեց, որ Արցախի երկրորդ պատերազմից հետո որոշվեց, որ ֆիլմում պետք է ընդգրկել ոչ թե 2016 թվականի Ապրիլյան, այլ Արցախի երկրորդ պատերազմը։
Սցենարիստի պնդմամբ՝ ֆիլմի թեման խաղաղությունն է, որին հասնելու համար պետք է գտնենք մեր ինքնությունը, պետք է վերածնվենք:

 

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան