«Աշխատում ենք լինել բարի՝ չհաշված վերջին  մեկ տարին, երբ արդեն բարությունը, թավիշը վերջացավ»․ ArmComedy-ն ապրիլի 1-ին ներկայանում է սթենդ-ափով

Անգամ ամենաբարդ ու անելանելի թվացող պահերին ArmComedy-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, ինչ եթերից աշխատում են կոտրել ծանրության ու դեպրեսիայի մթնոլորտը։ Ինքնահեգնանքն ու բարի հումորը համեմելով ժամանակի դժվար փորձությունների հետ՝ նրանք մշտապես կարողանում են բարձրացնել իրենց հեռուստադիտողի տրամադրությունը։
ArmComedy-ի տղաները երկար դադարից հետո ապրիլի 1-ին ներկայանալու են սթենդ-ափ ժանրում:

Showbiz.am կայքի հետ զրույցում, պատմելով սպասվող սթենդ-ափի մասին, Նարեկ Մարգարյանն ասում է․ «Մեր վերջին մեծ սթենդ-ափից անցել է 2 տարի։ Այդ ընթացքում անընդհատ հավաքվում էր նյութ, բայց մեկ էլ եկավ այս վերջին մի քանի ամիսը։ Ամբողջ հավաքված նյութը սիրուն գնաց աղբաման, որովհետև այնքան շատ բան է կատարվում ամեն օր, որ հազիվ ենք հասցնում այն թարմ պահել այս մի քանի շաբաթվա կտրվածքով։ Թեմաները քաղաքական են մեծամասամբ, փորձելու ենք գլուխ հանել այն քաոսից, որում այսօր ապրում ենք»։

Սերգեյ Սարգսյանն էլ հավելում է, որ յուրաքանչյուր սթենդ-ափ նախկին ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունների ամփոփումն է․ փորձում են հասկանալ, թե ինչի միջով են անցել և որտեղ են հիմա, ինչպես կարելի է գոյատևել դժվար ժամանակներում և կենտրոնանալ ինչ-որ դրական բաների վրա, ու այս ամենն առանց դեպրեսիայի։

«Քանի որ ես ու Նարեկը նույն բաներն ենք տեսել, լսել, կարդացել, նյութն ու աբսուրդն էլ այնքան շատ էր, որ բաժանել ենք երկու կեսի․ ժամանակաշրջանի աբսուրդի մի մասը Նարեկն է իր վրա վերցրել, մնացած աբսուրդի մասը՝ ես։ Հետո միմյանց հուշելով, լրացնելով ավարտել ենք»,– ավելացնում է Սերգեյը։

Նարեկը պատմում է, որ փորձերի ընթացքում ինչ-որ զավեշտալի դեպքեր չեն եղել, բայց հետաքրքիր դեպք է մտաբերում այսօրվանից․ «Սթենդ-ափում փորձերը շատ համեստ են անցնում, չկան դեկորացիաներ, որ շուռ գան, լույսեր, որ պայթեն։ Բայց այսօր ավտոմեքենայի մեջ քշելով կրկնում էի մոնոլոգս ու պատուհանը իջեցրել էի, լուսաֆորի տակ էի, նկատեցի, որ  կողքի վարորդը ուշադիր լսում է»։

Իսկ կլինե՞ն հյուրերի շարքում մարդիկ, որոնց հասցեագրված կատակներ կհնչեն ծրագրում՝ Նարեկը պատասխանում է․«Նախկինում եղել են դեպքեր, երբ հյուրերի մեջ լինում էին նրանք, ում անդրադառնում ենք, այսօր էլ հնարավոր է՝ լինեն, բայց բնականաբար, ոչ իշխանության ներկայացուցիչները, նրանք առհասարակ աշխատում են շատ չերևալ ու երևի ճիշտ են անում, իրենց դուր չեն գա մեր հինգշաբթիները»։

Սերգեյն էլ ենթադրում է՝ այսօր կլինեն մարդիկ, ովքեր կկիսում են իրենց կարծիքը, փիլիսոփայությունը։ «Մերոնքական համայնքը կլինի, և թեթև, հաճելի երեկո կանցնի»,-ասում է նա։

Սերգեյը նաև անդրադառնում է այն հարցին, թե լինում են դեպքեր, երբ սթենդ-ափից հետո ոմանք նեղանում են կամ հակառակը՝ շնորհակալություն են հայտնում իրենց անդրադառնալու համար․ «Նման բաներ շատ են եղել, մանավանդ հաղորդումներից հետո։ Մենք երբ անդրադառնում ենք ինչ-որ մեկին, աշխատում ենք լինել բարի՝ չհաշված վերջին  մեկ տարին, երբ արդեն բարությունը, թավիշը վերջացավ։
Մարդիկ զանգահարում էին, ասում էին՝ ձեր հաղորդման մեջ տեսանք մեզ, շատ ծիծաղելի էր, ապրեք։ Այդ ինքնահեգնանքի մշակույթը, կարծես, արդեն ձևավորվել է»։

Սերգեյը նաև նշում է, որ չկան հատուկ թեմաներ, որոնցից ինքն ու Նարեկը խուսափում են կամ որոնք տաբու են։
«Չկան հատուկ թեմաներ, կա մոտենալու ձև կամ ժամանակավրեպություն թեմաների․ եթե զգում ենք, որ ինչ-որ թեմաներ չեն ծառայի ուրախության կամ դեպրեսիայից դուրս գալուն, ապա փորձում ենք ոչ թե դրանցից խուսափել, այլ ուրիշ լուծում տալ, որպեսզի միջոցառումը ստացվի ուրախ»,-ասում է նա։

Նարեկը հայտնում է՝ քանի որ այս սթենդ-ափի տոմսերը արագ սպառվեցին, կաշխատեն ևս մեկ ներկայացում ունենալ, այնուհետև ակումբային ձևաչափը մի քիչ կփոխեն ու ավելի մեծ բեմի համար սթենդափ կպատրաստեն։

Սերգեյն ասում է, թե ինչ մտավախություններ են ունեցել դժվար 2020 թվականից հետո, երբ մարդկանց ժպիտ պարգևելն ամենադժվար գործերից մեկն է դարձել․«Մտավախություններ եղել են, ոչ միայն սթենդ-ափների հետ կապված, այլ առհասարակ․ հումորային հաղորդում ունենալը վերաիմաստավորման կարիք ուներ, որովհետև մի կողմից և՛մեր, և՛ երկրի ծանր վիճակն էր, մյուս կողմից պետք է այնպես անել, որ դեպրեսիան ավելի չխորանա, և ինչ-որ դրական, լուսավոր կողմեր երևան։ Նույնիսկ բացասականից պետք է դասեր քաղել, որպեսզի  այն չկրկնվի, թեթևանա և դառնա սխալներից խուսափելու հնարավորություն»։

Եվ չնայած որ ապրիլի 1-ը կատակի կամ ծիծաղի օրն է համարվում, Սերգեյը խոստովանում է, որ տարվա մեջ հենց այս օրն է փորձում մաքսիմալ լուրջ լինել․ «Գործի բերմամբ ապրիլի 1-ը այնքան ծամված է դարձել, որ ընդհանրապես ոչ թե կատակի, այլ կատակներից խուսափելու օր է դարձել, երբ հստակ պետք է լուրջ լինել, որովհետև բոլորը ակնկալում են հակառակը»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան