Burberry-ն հետաձգում է նոր հավաքածուի ցուցադրությունը արքայազն Ֆիլիպի մահվան պատճառով

Burberry-ն հայտարարել է, որ հետաձգում է կանանց աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը, որը ծրագրված էր չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին։
Burberry-ի որոշումը կապված է արքայազն Ֆիլիպի մահվան և սպասվող հուղարկավորության հետ, որը տեղի կունենա Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում։ Ապրանքանիշը Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի պաշտոնական մատակարարն է։ Երկրում ազգային սուգ է հայտարարված։ Արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը, մահացել է ապրիլի 9-ի առավոտյան։ Ամիսներ անց նա կդառնար 100 տարեկան։

Նշենք, որ համավարակի և կարանտինային ռեժիմի հետևանքով մի շարք ոլորտներ հայտնվել են բավականին դժվարին իրավիճակում. կազմակերպությունները փակվում են, տեղի են ուենում կրճատումներ, աշխատավարձերը նվազում են։ Ամենից շատ տուժող ոլորտներից է նորաձևությունը:

Լյուքս դասի ապրանքանիշ Burberry-ի 2020թ.-ի առաջին եռամսյակի եկամուտը կրճատվել է 48,4 տոկոսով: Բրենդի ղեկավար Մարկո Գոբետին ասում է, որ COVID-19-ը ազդել է ոչ միայն այս ընթացքի եկամտի վրա, այլ շարունակելու է ազդեցություն գործել հետագա ամիսների եկամտի վրա:
Ֆինանսական ջախջախիչ կորուստներից խուսափելու համար բրդենը ծրագրում է կրճատել իր ծախսերը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող խանութներում ու գրասենյակներում, ինչը հնարավորություն կտա տնտեսել մոտ 35 մլն ֆունտ։ Burberry-ն մտադիր է նաև իր հաստիքացուցակը կրճատել 5 տոկոսով, այսինքն շուտով ապրանքանիշի 500 աշխատակից կկորցնի աշխատանքը: