Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին երգեհոնային երաժշտության երեկո կանցկացվի

Հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթև» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակի առթիվ ապրիլի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Երգեհոնային երաժշտության երեկո:

Որպես մենակատարներ հանդես կգան երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Կարինե Հովհաննիսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Մարինա Նահապետյանը, հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթի մենակատարներ Գալինա Ցոլակյանը (սոպրանո) և Քրիստինա Չթչյանը (ջութակ), ինչպես նաև Նարեկ Ավագյանը (ֆլեյտա):

Կհնչեն Բախի, Հենդելի, Կոմիտասի, Եկմալյանի, Երկանյանի ստեղծագործությունները:

Նույն օրը Վահագն Ստամբոլցյանին նվիրված համերգային երեկո կկայանա նաև Չարենցավան քաղաքում: Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում ելույթ կունենան երգեհոնահարներ Վահագն Մարգարյանն ու Արմեն Աղաջանյանը:

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերը։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկել գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանմամբ։ Համերգներով հանդես է եկել նաև ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և արտասահմանում։

Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։