Չկա այնպիսի ձևաչափ, որում թուրքի շահին կարելի է ինտեգրել հայկական շահը. Միքայել Ոսկանյան

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ Թուրքիայի ու Հայաստանի փոխհարաբերությունների կոնտեքսում անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին։

«Թուրքը պետք է ստիպի հային մոռանալ ու հարմարվել, որպեսզի մարսի այն հողը, որը խլել է հայից։ Թուրքը պետք է սպանի հայկականությունն ու ազգային իմունիտետը հայի մեջ ու դրա փոխարեն ներդնի հանդուրժողականություն և կոնֆորմիզմ։ Թուրքը դա անում է արդեն մեկ հազարամյակ, իսկ մենք չենք հասկանում, որ թուրքի ամենահզոր զենքը ոչ թե սելջուկների հեծելազորն էր, ոչ թե ենիչերիների յաթաղանն էր, ոչ թե օսմանի սվինն էր, ոչ թե իբր ադրբեջանցու, բայց իրականում՝ թուրքի բայրաքթարն էր, այլ հայի մեջ ներդրված հանդուրժողականությունն այն մտքի հանդեպ, որ քոնը քոնը չէ, քո պապերը սխալ էին, քո հողն ու տունը խլած օտարի հետ ոչ թե պետք է պայքարել, այլ փորձել ընդհանուր լեզու գտնել։ Հենց սա է թուրքի ամենաուժեղ ու ամենասարսափելի զենքը, որը նա դարեր շարունակ հրամցրել է մեզ, իսկ մենք՝ մեր մեծամասնության մեջ, սիրահոժար ընդունել ենք այն։ Իհարկե, գրեթե միշտ դա մատուցվել է աշխարհի ամենաբարի ու ազնիվ նպատակների լույսի ներքո՝ եղբայրություն, հարևանություն, փոխշահավետ համագործակցություն, բայց դեպի դժոխք տանող ճանապարհը սալիկապատված է հենց բարի նպատակներով։

Ուզենք դա, թե չուզենք, հարմարվենք այդ իրողությանը, թե հակադրվենք դրան, բայց չի կարող լինել երկարաժամկետ համընկնող շահ հայի ու թուրքի միջև, որովհետև դրանք երկուստեք իրար բացառող են։ Թուրքն ուզում է տիրանալ այն ամենին, ինչ քոնն է ու տիրանալ ամբողջությամբ:

Չկա այնպիսի ձևաչափ, որում թուրքի շահին կարելի է ինտեգրել հայկական շահը, որովհետև այն բացառում ու մերժում է հայկականության ցանկացած դրսևորում։

Ըստ այդմ, Հայաստանը պետք է գործի ու հակազդի իր համար ամենամեծ վտանգներին։ Ըստ սահմանման՝ ամենամեծ վտանգն առաջին հերթին հանդուրժողականությունն է, և դրա ցանկացած քարոզ ավելի մեծ հանրային վտանգ է պարունակում իր մեջ, քան ցանկացած տեսակի սպառազինություն, որն առկա է թուրքի զինանոցներում։ Զենքից կրած ցանկացած կորուստ կարելի է լրացնել, իսկ սպանված հայկական ոգուն չի կարող փոխարինել ոչինչ»,- գրել է թառահարը։