Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրը

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգային  շարքը՝ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում:
Դեռ 2018 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մեկնարկած ծրագիրը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, իրականացում է նաև այս տարի: Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ:

Նվագախումբը նվագացանկը կազմել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքային խումբը:
Նվագախումբը «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակում համերգներ է նախատեսել նաև Արթիկում և Մարալիկում:

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի` ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից։