Համազգայինը հանդիսատեսին կներկայացնի Սարոյանի «Թրեյսիի վագրը» վիպակի թատերայնացված ընթերցանությունը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մայիսի 8-ին և 19-ին հանդիսատեսին կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» հայտնի վիպակի թատերայնացված ընթերցանությունը:
Վիպակը սարոյանական աշխարհազգացողությամբ և փոխաբերության շնչով լցված Թոմաս Թրեյսիի և Լորա Լյութիի սիրային ոդիսականն է։ Այն յուրաքանչյուրի մեջ ապրող «վագրի»՝ երազանքի, սիրո, հաղթանակի և ուժի մասին է։

Դերերում են Անդրանիկ Միքայելյանը, Ժաննա Վելիցյանը, Արման Նավասարդյանը, Կորյուն Բուդուրյանը, Ալեքսանդր Գասպարյանը: Դերասանների հետ աշխատել է Տաթև Ղազարյանը:

Թատերայնացված ընթերցանությունը պատրաստում են ռեժիսորն ու պրոֆեսիոնալ դերասանները։ Այն ինքնատիպ ներկայացում է։ Չկան դեկորացիաներ ու զգեստներ, բայց կա  երևակայություն։ Չկա միզանսցեն, բայց կան դերասաններ, որոնք ստեղծում են կերպարի բնավորությունը։ Կա խոսք, որը կենդանանում է դերասանների արտաբերմամբ, կա բեմադրական միտք, որը ռեժիսորը ձգտում է տեղ հասցնել։ Եվ կա յուրահատուկ հանդիսատեսը, որը կարող է արտահայտել իր կարծիքը քննարկման ժամանակ, որը տեղի կունենա ընթերցանությունից անմիջապես հետո։

Վիլյամ Սարոյանը ծնվել է
Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։

Գրողի ձևավորման վրա մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն: Գրողի հայտնի ստեղծագործություններից են՝«Իմ սիրտը լեռներում է», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Իմ անունը Արամ է»…
Հեղինակի «Քո կյանքի ժամերը» պիեսը արժանացել է Պուլիցերի մրցանակի։