«Ամեն ինչ պլյուս էր, միակ մինուսը ես էի»․ կայացավ «Կին կոդ» ներկայացման պրեմիերան՝ հայտնի դերասանական կազմով

Ի՞նչ տեղի կունենա, եթե վեց կին և մեկ  տղամարդ հայտնվեն մեկ բեմում, ավելին ասեմ՝ եթե հետո պարզվի, որ նրանց պատմությունները գալիս և հատվում են մեկ կետվում․ այսպիսի մի իրավիճակ փորձել են պատկերացնել «Կին կոդ» ներկայացման ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը և սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանը։ Ներկայացման պրեմիերային, որը կայացավ «Բոհեմ» թատրոնում, ներկա է գտնվել նաև ShowBiz.am-ը, խոսել ռեժիսորի, սցենարի հեղինակի, դերասանների հետ, ինչպես նաև ֆիքսել ներկայացման հետաքրքիր կադրերը։

«Կին կոդ» ներկայացման մեջ զբաղված են թատրոնի և կինոյի դերասաններ Զառա Սահակյանը, Սոնա Մաթևոսյանը, Քեթրին Մանասյանը, Անի Խաչիկյանը, Ռոզի Ավետիսովան, Ռիփփի Նավասարդյանը և Ստեփան Ղամբարյանը։

Խոսելով ներկայացման գաղափարի և դրա առանձնահատկության մասին՝ ռեժիսորը նշում է, «Ներկայացման գաղափարը տվել է սցենարիստ Արմեն Վարդանյանը։ Այն ռուսական դրամատուրգիայից մի հետաքրքիր պատմություն է։ Իսկ այն, ինչ մարդիկ կտեսնեն բեմում, կարելի է ասել, ընդհարապես կապ չունի նախնական տարբերակի հետ։ Ներկայացումը ոչ թե հայաֆիկացվել է, այլ հարմարեցվելով հայկական իրականությանը, ստեղծվել զրոյից։ Ներկայացումը պատմություն է վեց դասընկերուհու մասին, որոնք պատրաստվում են նշել իրենց դասընկերուհիներից մեկի նշանադրությունը։ Իրադարձությունները զարգանում են շոգեբաղնիքում, նրանք պատություններ են պատմում իրենց կյանքից և ինչ-որ մի կետում դրանք հատվում են իրար հետ»։

Ավելի վաղ ռեժիսորը մեզ հետ զրույցում, խոսելով դերասանական կազմի և նրանց ընտրության մասին, ասել էր․ «Եղել է պատմությունը և եղել են դերասաններ, ում համար հատուկ գրվել է տվյալ դերը և դրան հակառակ եղել են այնպիսինները, որոնց հետո ենք ընտրել՝ հենց նրանց տեսնելով այդ դերում։ Եվ ի ուրախություն մեզ, շատ լավ թիմ է հավաքվել։ Իհարկե, բոլորն էլ թատրոնում խաղալու փորձ ունեն, բայց բոլորի գույներն էլ տարբեր են, և դա ինձ համար ամենակարևորն ու հետաքրքիրն է»։

Ներկայացման յուրահատկության, դրա նախատիպի, սիրվելու կամ չսիրվելու մասին խոսել է «Կին կոդ»-ի սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանը․ «Այո, կա ռուսական տարբերակը, բայց այն շատ տարբերվում է նրանից, ինչն այստեղ կտեսնեք։ Առհասարակ կանանց մասին ներկայացումները քիչ են մեզ մոտ, որոշեցի անդրադառնալ կանաց հոգեբանությանը, փոխհարաբերություններին, խնդիրներին,  որը կարծում եմ՝ պետք է հաջողված լինի։ Քանի որ շատ թատրոններում կոմեդիաների մեծ մասի սցենարի հեղինակը ես եմ հանդիսանում, և դրանք հիմնականում երկար տարիների կյանք են ունենում, ես հավատում եմ, որ գտել ենք այնպիսի բան, որը գրավում է հանդիստաեսին, և այս մեկն էլ հաստատ կունենա հաջողություններ»։

Զառա Սահակյանը, ով ներկայացման մեջ առանձնացավ ոչ միայն իր կրակագույն վարսերով, այլ նաև իր կերպարի բարդ ու խճճված ճակատագրով, մեզ հետ զրույցում նշեց, որ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանից է հրավեր ստացել ներկայացման մեջ խաղալու․ «Նրա հետ անձամբ ծանոթ չէի, բայց իր ներկայացումներն արդեն դիտել էի ու շատ էի հավանել։ Հետագայում արդեն պարզեցի, թե ինչն էր պատճառը։ Սեդրակը կարողանում է դերասանին մի հաճելի բան տալ․ խոսքը՝ ազատության, լողալու հնարավորության մասին է։ Բոլոր իմպրովիզներով հանդերձ դու ազատ ես ներկայացման մեջ, օրգանիկան երբեք չի կոտրվում, իրոք ես իմ տեղը գտել եմ այս ներկայացման մեջ և շատ ուրախ եմ, որ արհեստականորեն չի ստացվել, այլ այն, ինչ արել ենք, դրա շնորհիվ ենք եկել այդ ամբողջականությանը։ Կերպարը միանգամից սիրվեց իմ կողմից։ Անկեղծ ասած, եթե մի բան չսիրելով անեմ, այն չի էլ ստացվի ինձ մոտ։ Փորձերն ընթացել են մեկուկես ամիս, բայց ամեն ինչ շատ հարթ է ընթացել, քանի որ ստեղծվել էր մի հաճելի մթնոլորտ։ Իսկ ամեն բան գալիս է մթնոլորտից, եթե այն քեզ տրամադրում է և ստեղծվում է իրոք առողջ միջավայր, որտեղ ընկերությունը գերակշիռ դեր է ստանձնում, ինչ խոսք, աշխատանքը դրանից միայն շահում է»։

Զառան հույս հայտնեց, որ ներկայացումը կսիրվի հանդիսատեսի կողմից․ «Ամեն դեպքում հարկավոր է գոնե մեկ անգամ խաղալ հանդիսատեսի առջև, որ կարողանաս հասկանալ, մարսել և ապա նոր ըստ դրա անել համապատասխան ենթադրություններ»։

Իսկ բեմի միակ տղամարդը՝ Ստեփան Ղամբարյանը, մեզ հետ զրույցում, խոսելով դերի առաջարկի, իր կերպարի և փորձերի մասին, նշեց․ «Սեթի հետ մենք միասին ենք սովորել, հենց այդտեղ էլ հասցրել ենք մտերմանալ։ Շատ ուրախ եմ, որ այս ներկայացումը կայացավ։ Հեշտ տրվեց, թե դժվար, չեմ կարող ասել, բայց մի բան գիտեմ, որ ցանկացած դեր մեծ աշխատանք է պահանջում, որը երբեք հեշտ չի լինում։ Փորձերը շատ լավ են ընթացել, հեշտ էր աշխատելը նման դերասանների հետ, բոլորն էլ շատ-շատ լավն էին»։
Ըստ դերասանի՝ ներկայացման ամենադժվար պահը այդքան կանանց հետ միաժամանակ բեմում միակ տղամարդը լինելն էր, սակայն միևնույն ժամանակ նա կատակեց, որ ամեն ինչ պլյուս էր, միակ մինուսը ինքն էր))։

Նյութը՝ Լուս Ավագյանի