«Փախուստ պալատից». Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մասին ֆիլմ է նկարահանվում

Այս աշնանը ամերիկյան Lifetime հեռուստաալիքը կներկայացնի 39-ամյա Մեգան Մարքլի և 36-ամյա արքայազն Հարրիի կյանքի մասին պատմող նոր ֆիլմ՝ «Harry & Meghan: Escaping Palace»:

Արդեն անվանումից կարելի է հասկանալ, որ այն կկենտրոնանա մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վրա. Այն ժամանակ Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարեցին թագավորական պարտականություններից հրաժարվելու մասին:

Օրերս, ի պատիվ Մեգանի և Հարրիի հարսանիքի հերթական տարեդարձի, Lifetime-ը ներկայացրեց ֆիլմի առաջին գովազդային կադրերը, որում Ջորդան Դինը և Սիդնի Մորտոնը խաղալու են գլխավոր դերերը:

Այս լուսանկարում  դերասանական զույգի հանդերձանքները հիշեցնում են այն հագուստները, որոնցում ամուսինները հայտնվեցին հանրության առաջ որպես թագավորական ընտանիքի անդամ վերջին անգամ՝ 2020 թվականի մարտին:

Նոր կինոնկարում մանրամասն կներկայացվի Մեգանի հիասթափությունը պալատի պաշտոնյաներից, ովքեր չեն պաշտպանել նրան մամուլի հարձակումներից, և Հարրիի վախերը, որ Մեգանը կարող է կրկնել իր մոր՝ արքայադուստր Դիանայի ողբերգական ճակատագիրը, եթե չկարողանա պաշտպանել իր կնոջն ու երեխային: Հեռուստաալիքի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ֆիլմը կներկայացնի նաև Հարրի և Ուիլյամ, Քեյթ Միդլթոն և Մեգան Մարքլ, ինչպես նաև Սասեքսի դուքսի և նրա հոր՝ արքայազն Չարլզի բախումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Lifetime հեռուստաալիքն արդեն թողարկել էր ֆիլմեր Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի կյանքի և սիրո պատմությունների մասին: Մեկում սյուժեն կենտրոնանում էր նրանց սիրավեպի սկզբի վրա, իսկ մյուսում՝ Մեգանի հարմարեցումը Բրիտանիայի թագավորական ընտանիքին: