JAY-Z-ն բացահայտել է՝ ինչու է ավագ դստեր ծնունդից հետո լողալ սովորել (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփ կատարող JAY-Z-ն The Shop: Uninterrupted հեռուստառադիոծրագրի ժամանակ խոստովանել է, որ լողալ է սովորել հասուն տարիքում՝ իր ավագ դստեր՝ Բլյու Այվիի ծնունդից հետո, գրում է ET-ն։

«Աղջկա հայր լինելը հիանալի զգացողություն է։ Ես լողալ եմ սովորել չափահաս տարիքում։ Մտածում էի՝ եթե նա մի օր ջուրն ընկնի, ես չեմ կարողանա նրան փրկել․ այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս։ Դա իմ ու դստերս հարաբերությունների սկիզբն էր»,- ասել է ռեփ կատարողը։

JAY-Z-ն ավելի վաղ The Sunday Times-ին տված հարցազրույցում նաև պատմել էր կնոջ՝ հայտնի երգչուհի Բեյոնսեի հետ իրենց երեխաներին սիրով ու ջերմությամբ շրջապատելու մասին։

«Երեխայի համար ամենակարևորը սիրված զգալն է։ Այլ ոչ թե՝ ահա սա քեզ բիզնես, քեզ համար եմ ստեղծել ու քեզ եմ փոխանցում»,- ասել էր երգիչը։

JAY-Z-ն և Բեյոնսեն ունեն երեք երեխա՝ 9-ամյա Բլուն և 3-ամյա երկվորյակներ Սըրն ու Ռումին: