Մեգան Մարքլի մայրը թոռնուհու ծնունդից հետո տեղափոխվել է դստեր և արքայազն Հարրիի հետ ապրելու (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի դստեր ծնունդից հետո նախկին դերասանուհու մայրը՝ Դորիա Ռեգլանդը, տեղափոխվել է զույգի՝  ավելի քան 14 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, հաղորդում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, 64-ամյա Ռեգլանդը չափազանց ուրախ է իր թոռնուհու՝ Լիլիբեթ Դիանա Մաունթբաթեն-Վինձորի ծննդյան կապակցությամբ և առաջիկա շաբաթներին Սասեքսի դուքսին և դքսուհուն կօգնի խնամել իրենց նորածնին։

Նշենք, որ Ռեգլանդը 2019-ի մայիսին՝ զույգի առաջին երեխայի՝ Արչիի ծնունդից հետո ևս մի քանի շաբաթ ապրել էր արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հետ։

Հունիսի 4-ին լույս աշխարհ եկած Լիլիբեթ Դիանա Մաունթբաթեն-Վինձոր ծննդյան մասին հայտնի էր դարձել օրերս․ նա Էլիզաբեթ 11-րդ ծոռնուհին է։

Զույգը դստերն անվանել է Լիլիբեթ «Լիլի»՝ Դիանա Մոնտբատտեն-Ուինդզոր՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, որին մանկության տարիներին կոչել են Լիլիբեթ, և տատիկի՝ արքայադուստր Դիանայի:

Հիշեցնենք՝ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ամուսնացել են 2018-ի մայիսին: Մեկ տարի անց զույգն ունեցել էր որդուն՝ Արչիին:

2020 թվականի հունվարին Մեգանն ու Հարրին հրաժարվել էին իրենց թագավորական լիազորություններից: Նրանք դադարել են պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և ստանալ կառավարության ֆինանսավորումը: Դրանից հետո զույգը տեղափոխվել էր Կանադա, այնուհետև Միացյալ Նահանգներ։