«Գորկիի անվան թատրոնը վերջապես հասավ Բուզովայի մակարդակին. ավելի մեծ խայտառակություն չեմ տեսել». քննադատ Արթուր Գասպարյան

Մոսկվայի Գորկիի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հրաշալի վրացին» խորագրով բեմադրության առաջնախաղը` նախատեսված մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար: Հատկանշական է, որ լրտես Բելլա Շանթալին մարմնավորել է ռուսական շոու բիզնեսի աստղային ներկայացուցիչ Օլգա Բուզովան:

Ինչպես նշում է life.ru-ն, երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը, որը ներկա է եղել առաջնախաղին, կիսվել է տեսածի վերաբերյալ իր տպավորություններով:

«Շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս կատակերգական բեմադրությանը: Ինձ թվում է, որ այս թատրոնն իր մակարդակով վերջապես հասավ Օլգա Բուզովայի մակարդակին»,- ասել է քննադատը:

Գասպարյանը բացատրել է, որ ինքը «Բուզովային գնահատում է ոչ թե որպես երգչուհի, այլ որպես «շոուվուման», որը գոյություն ունի առաջարկվող պայմաններում»: Քննադատը կանխատեսել է նաև, թե արդյոք երգչուհին կկարողանա հանդիսատեսին գրավել դեպի թատրոն:

«Եթե դրանից հետո թատրոնը գոմի կողպեք չկախի իր դռներին, ապա, ըստ երևույթին, կգրավի»,- նշել է փորձագետը:

Բացի այդ, Գասպարյանը շնորհակալություն է հայտնել երգչուհիներ Վալերիային և Լոլիտա Միլյավսկային (նրանք դիտարկվում էին նույն դերի համար, ինչ Բուզովան) բեմադրությունում խաղալուց հրաժարվելու համար:

«Մեծ երջանկություն է, որ Վալերիան և Լոլիտա Միլյավսկայան հրաժարվել են մասնակցել այս ներկայացմանը, քանի որ ավելի մեծ խայտառակություն չեմ տեսել անգամ Muz-TV մրցանակաբաշխության ժամանակ»,- խոստովանել է Գասպարյանը:

Հայտնի է, որ Բուզովան ավելի քան 450 000 ռուբլի կստանա «Հրաշալի վրացին» խորագրով բեմադրությունում խաղալու համար: Բեմադրությունը նվիրված է ԽՍՀՄ նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի երիտասարդ տարիներին

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` հոնորարի մասին հայտնի է դարձել պայմանագրից, որը հրապարակվել է պետգնումների կայքում: Դրանում նշվում է, որ հոնորարը կկազմի 446 000 ռուբլի. 212 766-ը` փորձերի, իսկ 234 044-ը` բեմում ելույթի համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բուզովան ավելի վաղ հայտնել էր, որ դերասանուհի է դարձել: Նա պատրաստվում է Գորկիի անվան թատրոնում իր առաջնախաղին: Խոսքը «Հրաշալի վրացին» բեմադրության մասին է: