Ջենիֆեր Էնիսթոնն իր անթերի տեսքի համար պարտական է հունական ծագմանը. Greek City Times (լուսանկարներ)

Հունական Greek City Times թերթն «Ընկերները» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի դերասանների վերամիավորման և հատուկ սերիայի թողարկման ֆոնին անդրադարձել է հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հունական ծագմանն ու հեռուստասերիալում դրա դրսևորմանը։

Տասը եթերաշրջանից բաղկացած հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի դրվագներից մեկում երևում է հարսանեկան տեսարան, որտեղ ցուցանակի վրա գրված է՝ «Անաստասակիս-Պապասիֆակիս հարսանիք»։ Երկու ազգանուններից առաջինը դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ազգանունն է, որը փոխվել է իր հոր կողմից։ Ծնունդով Կրետե կղզուց Ջոն Էնիսթոնն ազգանունը կրճատել է, երբ սկսել է նկարահանվել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։

Դերասանուհին բազմաթիվ առիթներով անդրադարձել է իր հունական ծագմանը՝ իր անթերի տեսքը դրան կապելով։

«Հայրս 100 տոկոսով հույն է, նա 84 տարեկան է և գրեթե կնճիռներ չունի։ Իսկ տատիկս, որը մահացել է 95 տարեկանում, ևս ոչ մի կնճիռ չի ունեցել»,- տարիներ առաջ ասել է դերասանուհին։