«Ուշքի եկեք, հայրենիք ենք կորցնում». Սպիվակովան խոսել է Հայաստանի ճակատագրի մասին

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի  հաղորդավարուհի ու դերասանուհի Սաթի Սպիվակովան իր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին երկար լռությունից հետո առաջին անգամ խոսել է:

«Այսօր չեմ կարող լռել»,- այսպես է սկսվում նրա ուղերձը հայրենակիցներին: Սպիվակովան Հայաստանը համեմատել է դռները կոտրած տան հետ։

«Ուշքի եկեք։ Մենք կորցնում ենք հայրենիքը։ 8 ամիսը բավարար ժամանակ է հետպատերազմյան դեպրեսիայի համար։ Շատ հաճախ ընտրությունները ձևական բնույթ ունեն, բայց ոչ այս անգամ, ոչ մեր դեպքում»,- գրել է նա սոցցանցերի իր էջերում։

Սպիվակովան վստահ է, որ ժողովուրդն ի զորու է վերջ տալ ներկայիս մղձավանջին։ «Միայն գոռոզությունն է, որ թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը։ Մենք կարող ենք մեր վերածննդի ճարտարապետները դառնալ։ Հայաստանը հնարավորություն ունի հունիսի 21-ին արթնանալ ու վերադարձրած տեսնել գլխավորը՝ Արժանապատվությունը»,- գրել է դերասանուհին և հայատառ հավելել` «ամեն ինչ լավ է լինելու»։