Գեղեցկության չափանիշները կփոխվեն. Victoria’s Secret-ը հրաժեշտ կտա իր հայտնի շոուին և հրեշտակներին (լուսանկարներ)

Shanina Shaik, Herieth Paul, Barbara Fialho, Toni Garrn and Aiden Curtiss on the runway in the 2018 Victoria's Secret Fashion Show Pier 94 on November 8, 2018 in New York City.

Victoria’s Secret ընկերությունը հրաժեշտ կտա իր հայտնի Victoria’s Secret Fashion Show շոուին և «հրեշտակներին», հաղորդում է Fox News-ը` նշելով, որ դրա փոխարեն ընկերությունն արշավ է սկսել մի խումբ կանանց մասնակցությամբ, որոնք «հայտնի են իրենց ձեռքբերումներով, այլ ոչ թե գրավիչ կազմվածքով»։

Գեղեցկության չափանիշները փոխել ցանկացող և Victoria’s Secret-ի նոր արշավում ներգրավված կանանց թվում են՝ ֆուտբոլի աստղ Մեգան Ռապինոն, դահուկորդ Էյլին Գուն, մոդել և փաստաբան Պալոմա Էսլերը, դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը, տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոն, մոդել և փախստական Ադուտ Ակեչը և լուսանկարչուհի Ամանդա Դե Կադենեն։

Ըստ հաղորդման՝ հաջողակ կանանց խումբը «կաշխատի «կրքոտ, գրավիչ» բառերը վերաձևակերպելու, տարբեր կազմվածքների տեր կանանց փառաբանելու» ուղղությամբ։

Այժմ Victoria’s Secret-ը հույս ունի դառնալ կանանց իրավունքների «գլոբալ պաշտպան», The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մարտին Ուոթերսը:

«Երբ աշխարհը փոխվում էր, մենք շատ դանդաղ էինք արձագանքում։ Մենք պետք է դադարենք մտածել այն մասին, թե ինչ են ցանկանում տղամարդիկ և կենտրոնանանք նրա վրա, թե ինչ են ուզում կանայք»,- ասել է նա։

Նշենք, որ Victoria’s Secret Fashion Show-ն անցկացվել է շուրջ 25 տարի՝ 1995-ից ի վեր: