«Ամուսինս առաջին անգամ է Հայաստանում». Գոհար Ավետիսյանի Հայաստան գալու պատճառը, ամուսնու և տատիկի առաջին հանդիպումն ու նրա խորհուրդը Գոհարին

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու` Սերգեյի, հոր՝ Սմբատի ու մոր՝ Նաիրայի հետ այս օրերին Հայաստանում է: Գոհարը հայտնել է, որ գալու պատճառը հարազատներից մեկի հարսանիքն է:

Ինստագրամի իր էջում Գոհարը նշել է, որ ամուսինն առաջին անգամ է Հայաստանում։ Նա ցույց է տվել, թե ինչպես են այցելում իր մայրական տատիկին՝ Շուրային, որը Լիճք գյուղից է:

«Պատուհանից այն կողմ Սևանա լիճն է, մեքենայում հերթով իրար անեկդոտներ են պատմում իմ երկու սիրելի տղամարդիկ (հայրն ու ամուսինը), մայրս հեռախոսով ինչ-որ խաղ է խաղում, իսկ ես հաճույք եմ ստանում այս ամենը տեսնելով»,- գրել է Գոհարը:

Դիմահարդարը ցույց է տվել ամուսնու և տատիկի առաջին հանդիպումը: Տատիկը Գոհարին երջանկություն է մաղթել և խորհուրդ տվել՝ խելոք լինել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Գոհարն ու Սերգեյն ամուսնալուծվել են: Այդ լուրերին նպաստել էր հենց Գոհարը` թաքցնելով ամուսնու հետ լուսանկարները, իսկ հարցին, թե ո՞ւր է իր ամուսինը, պատասխանելով «Եվ ապրեցին նրանք երկար և երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին» գրությամբ լուսանկարով։

Ավելի ուշ, սակայն, Գոհարին ու ամուսնուն լուսանկարել էին Սոչիում զբոսանքի ժամանակ: