Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել Է Ջասթին Բիբերին և նրա կնոջը (լուսանկարներ)

Ջասթին ու Հեյլի Բիբերները այցելել են Փարիզ: Կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումից հետո նրանք առաջին անգամ Միացյալ Նահանգներից մեկնել են Եվրոպա, որտեղ նախկինում շատ ժամանակ էին անցկացնում:

Նախ զույգը շրջել է քաղաքում ու գնումներ կատարել, ապա հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ՝ Բրիջիթի հետ: Որքան էլ անհավանական է թվում նրանց մեկ կադրում տեսնել, բայց Ելիսեյան պալատում հանդիպումն իրականություն է դարձել:

Հանդիպման օրը պատահական չի եղել ընտրված. Ֆրանսիայում հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության օր: Մակրոնն ու Բիբերը քննարկել են երիտասարդությանը վերաբերող հարցեր:

Ֆրանսիական BFMTV-ի տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Բիբերի նախաձեռնությամբ, նախագահն էլ իր հերթին որոշել է չմերժել համարձակ կանադացուն:

Հանդիպման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բիբերն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել: Ավելի ուշ այդ մասին գրել է նաև Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը շատ ջերմ է անցել, նախագահն անձամբ է Բիբերներին ծանոթացրել Ելիսեյան պալատի հետ:

Նորաձևության շատ մասնագետներ համարում են, որ նման հանդիպման համար Բիբերները ոչ համապատասխան հագուստ են ընտրել: Ջասթինը թեև կոստյում է կրել, սակայն կապույտ խաղակոշիկներով է եղել, Հայլիի զգեստի վրա չափից շատ բացվածքներ են եղել: Փոխարենն արտակարգ տեսք է ունեցել 68-ամյա Բրիջիթը: