«Ուզում եմ ամուսնանալ և կրկին երեխա ունենալ, բայց չեմ կարող»․ Բրիթնի Սփիրս

Britney Spears arrives at the Los Angeles premiere of "Once Upon a Time in Hollywood" at the TCL Chinese Theatre on July 22, 2019. (Photo by Jordan Strauss/Invision/AP)

Ամերիկացի փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը դատարանին խնդրել է դադարեցնել իր նկատմամբ հոր խնամակալության իրավունքը, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Նախօրեին 39-ամյա Սփիրսն առցանց ռեժիմով մասնակցել է իր խնամակալության գործով դատական նիստին, որի ժամանակ 20 րոպեանոց ելույթ է ունեցել։

Իր ելույթում երգչուհին, մասնավորապես, հայտնել է՝ իրեն ստիպել են ելույթ ունենալ, հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործել և այցելել թերապիաների։ Սփիրսը նաև նշել է, որ տարիներ շարունակ ստիպել են լիթիում ընդունել։

«Լիթիումը շատ, շատ ուժեղ դեղամիջոց է։ Այն չարաշահելու դեպքում մարդը կարող է մտավոր հետամնաց դառնալ։ Ասես մշտապես հարբած լինեի, ի զորու չէի պաշտպանել ինձ»,- հայտնել է երգչուհին։

Փոփ աստղի խոսքով՝ իր հետ տեղի ունեցածի պատասխանատուն հենց հայրն է։

«Ես երբեք ձայնի իրավունք չեմ ունեցել, ինձ միշտ ասել են՝ ինչ անել»,- նշել է երգչուհին։

Սփիրսը նաև պատմել է՝ ինչու հոր ճնշումների մասին չի խոսել սոցիալական ցանցերում:

«Մտածում էի՝ եթե հերքեմ այդ լուրերը, երջանիկ կլինեմ։ Իրականությունն այն է, որ անձնական տրավման հետապնդում է ինձ, այո՛, ես երջանիկ չեմ, չեմ կարողանում քնել, բարկացած եմ ու ընկճախտի մեջ։ Բայց ուզում եմ վերադարձնել կյանքս, արդեն 13 տարի է անցել, բավ է»,- ասել է նա։

Երգչուհին նաև հայտարարել է, որ իր կյանքը վերահսկող մարդիկ իրեն թույլ չեն տալիս ամուսնանալ ընկերոջ հետ և կրկին երեխաներ ունենալ։

«Ես ուզում եմ ամուսնանալ և երեխա ունենալ։ Բայց ինձ ասացին, որ խնամակալության տակ գտնվելով՝ չեմ կարող դա անել»,- դատարանում հայտնել է Սփիրսը։

Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։

Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի՝  դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին հայցը: Դրանից առաջ երգչուհին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը: