Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայի Չեխովյան փառատոնում

Հունիսի 26-ին և 27-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայում՝ Չեխովի անվան միջազգային թատերական 15-րդ փառատոնի շրջանակում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Չեխովի անվան փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային արվեստի լավագույն ձեռքբերումներին։ Այդպիսով, Մեյերհոլդի անվան կենտրոնում Սոս Սարգսյանի անվան երեւանյան Համազգային թատրոնը ցուցադրել է իր նոր աշխատանքը՝ Գի դը Մոպասանի նովելի հիման վրա ստեղծված «Փափլիկը» ներկայացումը։ Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Գրիգորյանն է՝ պայծառ աստղ Հայաստանի թատերական երկնքում»,- ասված է փառատոնի մամուլի հաղորդագրությունում։

Նարինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ուրախ է իր նոր ներկայացումը ցուցադրել Մոսկվայում․ «Համավարակից և Արցախյան պատերազմից հետո մենք ավելի խորությամբ ենք փնտրում գեղեցկություն ու ներդաշնակություն։ Իսկ ուրիշ որտե՞ղ այն կարող ենք գտնել, եթե ոչ թատրոնի մոգական միջավայրում՝ Մոսկվայի Չեխովյան փառատոնում։ Այնտեղ, որտեղ ավելի շատ է մեզ միավորողը, քան բաժանողը»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նշել է ռեժիսորը։

Նարինե Գրիգորյանը նաև անկեղծացել է, որ շատ է սիրում այս ներկայացումը․«Այն ծնվել է հեշտ, ազարտային ու հետաքրքիր։ Ես շատ եմ ցանկանում, որ ռուս հանդիսատեսը հավանի մեր «Փափլիկը»»,- ասել է նա։

Գործակալությունը նաև հավելել է, որ Չեխովյան փառատոնն այս տարի փոխել է անցկացման ձևաչափը: Համավարակով պայմանավորված՝ երկու ամսվա փոխարեն այն տեւելու է գրեթե մինչեւ տարվա վերջ՝ 2021 թվականի մայիսի 14-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Փառատոնի համաշխարհային ցուցադրությունների շարքում ընդգրկված է 12 ներկայացում տասը երկրից։