Victoria’s Secret ընկերությունը հրաժեշտ կտա իր հայտնի Victoria’s Secret Fashion Show շոուին և «հրեշտակներին», հաղորդում է Fox News-ը` նշելով, որ դրա փոխարեն ընկերությունն արշավ է սկսել մի խումբ կանանց մասնակցությամբ, որոնք «հայտնի են իրենց ձեռքբերումներով, այլ ոչ թե գրավիչ կազմվածքով»։
Գեղեցկության չափանիշները փոխել ցանկացող և Victoria’s Secret-ի նոր արշավում ներգրավված կանանց թվում են՝ ֆուտբոլի աստղ Մեգան Ռապինոն, դահուկորդ Էյլին Գուն, մոդել և փաստաբան Պալոմա Էսլերը, դերասանուհի Պրիյանկա Չոպրա Ջոնասը, տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոն, մոդել և փախստական Ադուտ Ակեչը և լուսանկարչուհի Ամանդա Դե Կադենեն։
Ըստ հաղորդման՝ հաջողակ կանանց խումբը «կաշխատի «կրքոտ, գրավիչ» բառերը վերաձևակերպելու, տարբեր կազմվածքների տեր կանանց փառաբանելու» ուղղությամբ։
Այժմ Victoria’s Secret-ը հույս ունի դառնալ կանանց իրավունքների «գլոբալ պաշտպան», The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մարտին Ուոթերսը:
«Երբ աշխարհը փոխվում էր, մենք շատ դանդաղ էինք արձագանքում։ Մենք պետք է դադարենք մտածել այն մասին, թե ինչ են ցանկանում տղամարդիկ և կենտրոնանանք նրա վրա, թե ինչ են ուզում կանայք»,- ասել է նա։
Նշենք, որ Victoria’s Secret Fashion Show-ն անցկացվել է շուրջ 25 տարի՝ 1995-ից ի վեր: