Ինչո՞ւ Պենելոպե Կրուսը և Խավիեր Բարդեմը թույլ չեն տալիս իրենց երեխաներին սոցցանցերում գրանցվել

47-ամյա Պենելոպե Կրուսը և 52-ամյա Խավիեր Բարդեմը մեծացնում են երկու երեխաներին՝ 10-ամյա որդուն՝ Լեոնարդոյին և 8-ամյա դստերը՝ Լունային։ Զույգը խնամքով պաշտպանում է իրենց երեխաներին անծանոթներից և նույնիսկ թույլ չի տալիս նրանց անձնական հաշիվներ ստեղծել սոցիալական ցանցերում։

Ինչպես դերասանուհին խոստովանել է CBS-ին տված հարցազրույցում, ինքը շատ խիստ է վերաբերվում սոցիալական ցանցերին։

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում տեխնոլոգիաներին, հատկապես դրանց դերին իմ երեխաների կյանքում: Խոսքը չի վերաբերում ինչ-որ ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելուն։ Երբ ես փոքր էի, նման դիտումներն ինձ համար անհավանական երջանկության պահեր էին։ Բայց ես չեմ թողնում, որ նրանք օգտագործեն իրենց հեռախոսները, քանի դեռ շատ մեծ չեն, և ոչ մի սոցիալական ցանց՝ մինչև առնվազն 16 տարեկանը: Ես դա անում եմ նրանց հոգեկան առողջությունը պաշտպանելու համար, բայց կարծես այս հարցում փոքրամասնության եմ պատկանում»,- ասել է դերասանուհին։

Աստղը հավելել է, որ ինքն էլ հազվադեպ է օգտվում սոցիալական ցանցերից։ Կրուսի խոսքով՝ դրանք չափազանց բացասական ազդեցություն են ունենում երիտասարդ սերնդի վրա։