Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպին

Երեկ միջադեպ է գրանցվել ընդդիմության երթի ժամանակ։ Ակցիայի մասնակիցները, նկատելով այդ պահին մայթով անցնող դերասան Սոս Ջանիբեկյանին, վանկարկել են «թուրք»։

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել միջադեպի առնչությամբ․

«Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ:

Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:

Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»։