Գալկինը դատարանի միջոցով պահանջել է իր նկատմամբ չեղարկել օտարերկրյա գործակալի կարգավիճակը

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը (ընդգրկված է որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող անձանց ռեգիստրում) Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարան հայց է ներկայացրել ՌԴ արդարադատության նախարարության դեմ՝ պահանջելով վերացնել օտարերկրյա գործակալի իր կարգավիճակը։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Ավելի վաղ շոումենն ասել էր, որ իրեն օտարերկրյա գործակալ չի համարում։ Հաղորդավարը նշել է, որ «իր անունը արատավորելու աննախադեպ արշավ է սկսվել»։

Հումորիստը հավելել էր նաև, որ պատրաստ չէ հրաժարվել քաղաքական երգիծանքից. «Եվ սա իմ ժանրի առանձնահատկությունն է, այլապես կարիք չկա դա անել»։

Օտարերկրյա գործակալների ռեգիստր Գալկինի մուտքի մասին հայտնի է դարձել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին։ ՌԴ արդարադատության նախարարության տվյալներով՝ հեռուստահաղորդավարը քաղաքական գործունեությամբ է զբաղվում՝ ֆինանսավորում ստանալով Ուկրաինայից։