«Եվրատեսիլ»-ի հաղթող Լորինը խոստովանել է, որ սկզբում չի ցանկացել 2-րդ անգամ մասնակցել մրցույթին

Շվեդ երգչուհի Լորինը, որը երկրորդ անգամ դարձավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող, mk.ru-ին հայտնել է, որ սկզբում չի ցանկացել 2-րդ անգամ մասնակցել մրցույթին։

«Նորից կվերադառնամ «Եվրատեսի՞լ»: Չգիտեմ, ամեն ինչ կապված է ոգեշնչման, ստեղծագործելու հետ: Ես սկզբում նույնիսկ այս «Եվրատեսիլ»-ին չէի ուզում գնալ, բայց հետո կարծես ինչ-որ ալիք ծածկեց ինձ։ Ինձ թվում է՝ ստեղծագործելու հարցում սահմանափակումներ չպետք է լինեն», – ասել է Լորինը:

Նա նշել է, որ դեմ չի լինի դուետ երգել Իռլանդիայից երգիչ Ջոնի Լոգանի հետ, որը նույնպես երկու անգամ հաղթել է «Եվրատեսիլ»-ում։

Հարցին՝ ո՞րն է հաջողության բանալին և ինչպե՞ս հաղթել մրցույթում, այն էլ՝ երկու անգամ, երգչուհին պատասխանել է․ «Դուք պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Դուք պետք է ճանաչեք ինքներդ ձեզ, վստահ լինեք որոշ քայլեր ձեռնարկելիս և ոչ թե կասկածեք՝ հարցնելով բոլորին»:

Լորինն արդեն մեկ անգամ հաղթել էր մրցույթում՝ «Euphoria» երգով 2012 թվականին։ Այս տարի նա կատարել է «Tattoo» սիրային երգը և հավաքել 583 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆինն ռեփեր Käärijä-ն՝ «Cha Cha Cha» երգով, իսկ երրորդը՝ իսրայելցի Նոա Կիրելը՝ «Unicorn» երգով։

Հայաստանի պատվիրակ Բրյունետն իր «Future Lover» զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը` ընդհանուր 122 միավորով: