Փոլ Ուոքերը՝ «Ֆորսաժ 10»-ի վերջին թրեյլերում

Հրապարակվել է «Ֆորսաժ 10»-ի վերջին թրեյլերը։ Կադրերում հայտնվել է հանգուցյալ դերասան Փոլ Ուոքերը։

Տեսանյութում ցուցադրվում են ֆրանշիզի նախորդ մասերից դրվագներ, որոնցում Ուոքերը հայտնվել է կենդանության օրոք։ Թրեյլերում ցուցադրվում են նաև Դոմինիկ Տորետոյի (Վին Դիզել) և ֆիլմում նրա հակառակորդ Դանթեի (Ջեյսոն Մոմոա) դիմակայության կադրերը։

Ապրիլին «Ֆորսաժ 10»-ի ռեժիսոր Լուի Լեթերիեն ակնարկել էր, որ մարտաֆիլմում ներկայացված են հերոս Բրայան Օ’Քոնորի մասնակցությամբ կադրեր: Օ’Քոնորին մարմնավորել է Փոլ Ուոքերը, որը մահացել է ավտովթարից 2013 թվականին։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փոլ Ուոքերի դուստրը՝ Միդոու Ուոքերը, էպիզոդիկ դեր կունենա «Ֆորսաժ 10» ֆիլմում, այդ մասին աղջիկը պատմել էր սոցցանցում։

Ֆիլմաշարի 11-րդ մասը, որի պրեմիերան ենթադրաբար նախատեսվում է 2024 թվականի փետրվարին, պետք է ավարտի 2001 թվականին սկսված սագայի հիմնական պատմությունը: