Ուկրաինուհին հաղթել է «Միսս Ճապոնիա» մրցույթում (լուսանկարներ)

26-ամյա մոդելը, որը ծնվել է Ուկրաինայում և 5 տարեկանում տեղափոխվել է Ճապոնիա, ճանաչվել է «Միսս Ճապոնիա»՝ ազգային ինքնության վերաբերյալ բուռն քննարկումների տեղիք տալով:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Կարոլինա Շիինոն անթերի խոսում և գրում է ճապոներեն, նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ճապոնիայում և իրեն ճանաչում որպես ճապոնացի: Նորաթուխ «Միսս Ճապոնիա»-ն չի ծնվել Ճապոնիայում, ազգությամբ ուկրաինացի է և առհասարակ ճապոնացու տեսք չունի, ինչը շատերի համար խնդրահարույց է: 

Բոլորն ընդունում են երիտասարդ կնոջ գեղեցկությունը, բայց այն փաստը, որ այլ ռասսայի ներկայացուցիչն է ճանաչվել «Միսս Ճապոնիա», ուղղակի անընդունելի է։

«Միսս Ճապոնիա ընտրված այս աղջիկը նույնիսկ ճապոնացու խառնուրդ չէ, այլ 100 տոկոս մաքուր ուկրաինուհի: Հասկացեք, որ նա գեղեցիկ է, բայց սա «Միսս Ճապոնիա»-ն է: Որտե՞ղ է ճապոնականությունը»,- գրել է X-ում օգտատերերից մեկը:

«Եթե նա կիսով չափ ճապոնուհի լիներ, իհարկե, խնդիր չէր լինի: Բայց նա էթնիկապես 0% ճապոնացի է և նույնիսկ Ճապոնիայում չի ծնվել»,- մեկնաբանել է մեկ այլ օգտատեր:

«Միսս Ճապոնիա» մրցույթի կազմակերպիչ Այ Վադան BBC-ին ասել է, որ ժյուրին «լիարժեք վստահությամբ» է քվեարկել Շիինոյի օգտին, և որ նրա մասնակցությունը «հնարավորություն է տվել վերաիմաստավորելու, թե ինչ է ճապոնական գեղեցկությունը»:

Ինչ վերաբերում է Կարոլինա Շիինոյին, ապա նա նշել է, որ իրեն ճապոնացի է համարում թե՛ «խոսքով և թե՛ մտքով», և հույս ունի, որ մի օր կօգնի ստեղծել մի հասարակություն, որտեղ «մարդկանց չեն դատում իրենց արտաքինով»:

«Ես ստիպված էի հանդիպել խոչընդոտների, որոնք հաճախ խանգարում են ինձ ընդունվել որպես ճապոնացի, ուստի ես երախտագիտությամբ եմ լցված այս մրցույթում որպես ճապոնացի ճանաչվելու համար», – ասել է Շիինոն: