«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում

«Մաշինա վրեմենի» խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կհնչեն 1970-ից մինչև 2020 թվականները ծնված հիթերը, նոր երգեր: Խմբի անդամներ Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը հիշեցնում են, որ ապրիլի 13-ին Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն է և բոլորին հրավիրում են միասին նշելու այն:

«Մաշինա վրեմենի»-ն ռուսական ռոքի ամենահայտնի խմբերից մեկն է։ Այն հիմնադրել են Անդրեյ Մակարևիչն ու Սերգեյ Կավագոէն 1969 թվականի մայիսի 27-ին: Խմբի ստեղծագործություններում համադրված են ռոքը, բլյուզը, ռոքնռոլը և հեղինակային երգի տարրերը։

Խմբի անփոփոխ առաջնորդն է Անդրեյ Մակարևիչը, որը երգերի տեքստերի ճնշող մեծամասնության հեղինակն է։ Երաժշտության հեղինակներն են Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Եվգենի Մարգուլիսը, Անդրեյ Դերժավինը և Պյոտր Պոդգորոդեցկին։

Խումբը 1990 թվականի գարնանը համերգներով ներկայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: