Ալեն Դելոնը զրկվել է իր ունեցվածքը տնօրինելու իրավունքից

88-ամյա դերասան Ալեն Դելոնին խնամակալություն են նշանակել։ Որոշումը Մոնթարգիսի դատարանը կայացրել է ապրիլի 5-ին։ Սա նշանակում է, որ համաշխարհային կինոյի աստղն իրավունք չունի առաջիկա հինգ տարիների ընթացքում ինքնուրույն տնօրինել իր ունեցվածքը։

Հանդիպումը կայացել է Ալեն Դելոնի երեխաների ներկայությամբ։ Արտիստի դուստրը դեմ էր նման քայլերին. «Մենք կասկածի տակ ենք դնում նման սահմանափակող և հարկադրական միջոցի անհրաժեշտությունը»,- ասել է Անուշկա Դելոնի փաստաբան Ֆրենկ Բարտոնը։

Դատարանի որոշմամբ դերասանին նշանակվել է կուրատոր, ով ամբողջությամբ կտնօրինի նրա գործերը։ Կառավարչի անունը դեռ չի հաղորդվում, գրում է Lefigaro.fr-ն։

Տարեսկզբին դատարանը վճիռ էր կայացրել, որով Դելոնին արգելել է տնօրինել գույքը։ Հայտնի է, որ դերասանը քաղցկեղով հիվանդ է և Ալցհեյմերի հիվանդություն ունի։ Նրա որդիները պնդում են դադարեցնել բուժումը, սակայն դուստրը կտրականապես դեմ է։