Հաղորդավար Ժակը՝ իր զբաղվածության մասին

Հայտնի հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, ում հետ սեպտեմբերին Հանրային հեռուստաընկերությունը դադարեցրել էր համագործակցությունը, ShowBiz.am կայքի հետ զրույցում կիսվել է՝ ինչ նոր նախագծեր ու ծրագրեր ունի ապագայում:

«Յուրաքանչյուր մարդ, մասնագետ պետք է աշխատի իր սեփական մասշտաբների վրա, որպեսզի երբեք չսահմանափակվի կոնկրետ հաստատությամբ այլ դիտարկվի, որպես կայացած հանրային կերպար, իր գործի լավ մասնագետ, ինքնաբավ և իր տեսակով որոշակիորեն առանձնացող:

Սա երկրորդ աշխատանքային փուլն էր Հանրայինում: Մոտ 10 տարի առաջ, ես այնտեղ վարում էի «Բենեֆիս» նախագիծը, որի նաև մտահաղացման հեղինակն էի հանդիսանում: Բոլոր տարիների ընթացքում, տևական համագործակցություն եմ ունեցել մի շարք հեռուստաընկերությունների հետ: Հիմա էլ կարող են լինեն նոր նախագծեր որևէ հեռուստաընկերությունում, արդեն նոր գաղափարներ են եփվում: Վստահ եմ՝ ժամանակը ամեն ինչ և ամեն մեկին իր ճիշտ տեղն է գցում»,- մեզ հետ կիսվում է հաղորդավարը։

Ժակի ներկայիս զբաղվածությունը քիչ չէ․ «Արդեն զբաղվում եմ «Ռադիո Վան»-ի երաժշտական նախագծերի պրոդյուսինգով, որոնք շեշտադրված առանձնահատկություն ունեն՝ բացառապես կենդանի հնչողություն, նոր հնարավորությունների և բացահայտումների հնարավորությունների ստեղծում։ Դրանք են՝ «Van Music Awards»՝ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխութունը, «Komitas restart»՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին, «Unplugged»՝ համերգների շարքը:
Բացի այդ, արդեն աշխատում եմ, իր տեսակի մեջ յուրահատուկ՝ «Iammedia» համահայկական լրատվական նոր հարթակում՝ որպես ստեղծագործական մասի տնօրեն և հաղորդավար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ժակը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել իր՝ աշխատանքից հեռացման մասին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան