Ռուս բլոգերը պատմել է Ծաղկաձոր և Սևանա լիճ այցելության տպավորությունների մասին

Մոսկվայից բլոգեր Իգորը, որն Ինստագրամ սոցկայքում բլոգ է վարում «Մի դադարեք երազել» («Never Stop Dreaming») կեղծանվամբ, վերջերս ընկերների հետ այցելել է Հայաստան: Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր և Սևանա լիճ այցելելուց հետո Իգորն ուղևորության մասին իր տպավորությունները հայտնել է իր հետևորդներին, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն։

«Լիճը (Սևանա լիճ) պարզապես անհավանական ծավալների է, ինչպես նաև շրջապատված է լեռներով»,- գրել է բլոգերը:

Նրա խոսքով՝ Սևանա լճին շրջապատող վանքերը լիճն ավելի հմայիչ են դարձնում: Բլոգերը նաև հայտնել է, որ դրանք կառուցվել են տուֆից և բազալտից։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Սևանավանքն ու Հայրավանքը համեմատաբար վերջերս են վերականգնվել, դրանցից «հնության շունչ է զգացվում»:

Խոսելով այն մասին, թե բացի սիրալիր ու ընկերասեր մարդկանցից, համեղ սննդից և ցածր գներից, ինչով է աչքի ընկնում Հայաստանը, ճանապարհորդը նշել է` լեռները:

«Հարթ և ողորկ, ասես ձյունածածկ Մարսի վրա գտնվես»,- հայտնել է նա։