«Ի՞նչ է լինում սիրո հետ հետո»․ Մերի Ներսիսյանի ու ամուսնու ջերմ լուսանկարն ու հետաքրքիր գրառումը

Մերի Ներսիսյանն իր ինստագրամյան միկրոբոլոգում հաճախ է կիսվում տարբեր կարևոր թեմաներ վերաբերող անդրադարձներով ու անկեղծորեն հայտնում իր դիրքորոշումները ընտանեկան շատ հարցերի վերաբերյալ։ Հաղորդավարուհի և լուրերի մեկնաբան Մերին այսօր իր հետևորդների հետ կիսվել է ամուսնու՝ Գոռ Պետրոսյանի հետ ջերմ լուսանկարով ու դրան կից գրել․

«Խոսենք սիրո մասին։
Հաճախ ենք լսում, որ երկարատև հարաբերություններից հետո սերը փոխակերպվում է այլ բանի: Որոշեցի խորանալ ու հասկանալ, թե ի՞նչ է լինում սիրո հետ հետո:
Կարծում եմ՝ սերը (առողջ հարաբերություններում) երկու վիճակ ունի՝ սկզբում մենք սիրում ենք մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, իսկ հետո սիրում ենք այն, ինչ «ստեղծել ենք ինքներս»:
Հիշո՞ւմ եք հայտնի երգի տողերը․ «Я его слепила из того что было, а потом что было то и полюбила»։ Այլ կերպ երևի չի էլ լինում․ մարդիկ ապրում են միասին տարիներով՝ նույն հոգսերով, նույն ուրախություններով, մեկը մյուսին հարմարվելով ու ակամա թրծվում են, ինչ-որ իմաստով նմանվում իրար, ինչ-որ չափով փոխվում:
Փաստ է, որ հարաբերությունների սկզբում ՄԵՆՔ նույնը չէինք, ինչ այսօր: Ու այսօր ես սիրում եմ իմ տղամարդուն ոչ միայն իր արժանիքների համար, այլ նաև սիրում եմ այն, ինչ «իմ ջանքերով» է ձևավորվել նրա տեսակի մեջ ու վստահ եմ, որ նույնն էլ՝ հակառակը:
Այստեղ արդեն հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ենք մենք տալիս մեր երկրորդ կեսին ու ինչ ենք ակնկալում ստանալ: Պատասխանը պարզ է, ինչպես 1+1: Անհնար է բարձր ինքնագնահատականով, կնոջը սիրող ու աջակցող ամուսին ունենալ, եթե տարիներ շարունակ «կրծել» ես նրան թերահավատությամբ, նսեմացնող գնահատականներով, քամահրանքով, անհարկի համեմատություններով:
Եթե հավատում ես հայտնի երգի խոսքերին, ուրեմն պետք է տեսնես կեսիդ արժանիքները, դրանք առաջին պլան բերես, «ջրես» գովեստի խոսքով, աջակցող հայացքով, ձեռքն ամուր բռնելով: Տու՛ր դրականը, տու՛ր բարին, տու՛ր ուժդ, հավատդ, վստահությունդ, տու՛ր ժամանակդ:
Այո, սիրո երկրորդ վիճակը մարդկության պես հին բանաձևում է՝ հնձում ես այն, ինչ ցանել ես»։