Ֆորմուլա 1-ի նախկին ղեկավարը սևամորթներին մեղադրել է ռասիզմի համար (լուսանկար)

Ֆորմուլա 1 ավտոարշավի նախկին ղեկավար Բերնի Էքլսթոունը քննադատել է ԱՄՆ-ում ռասիզմի դեմ և տարբեր արձանների հեռացման համար պայքարող սևամորթ ակտիվիստներին: Այս մասին տեղեկանում ենք CNN-ից:

Էքլսթոունը հայտարարել է, որ ռասիզմին ավելի շատ հակված են սևամորթ, քան սպիտակամորթ մարդիկ:

«Շատ դեպքերում սևամորթ մարդիկ ավելի շատ ռասիստ կարող են լինել, քան սպիտակները: Այն, որ այժմ ցուցարարները փորձում են քանդել բոլոր հուշարձանները, լիովին տգիտություն է»,- ասել է Էքլսթոունը:

Նա նաև մեկնաբանել է Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի խոսքերը այն ռասայական վիրավորանքների մասին, որը նա ստացել է ավտոարշավորդի իր կարիերայի ընթացքում:

Հեմիլթոնը անցյալ շաբաթ հիշել էր 2008 թվականին Իսպանիայի գրան-պրիի ժամանակ տեղի ունեցած դեպքը: Այն ժամանակ երկրպագուները իրենց դեմքերը սև էին ներկել և շապիկների վրա գրել էին «Հեմիլթոնի ընտանիք»:

Էքլսթոունը հայտարարել է, որ ինքը զարմացած է, որ նման դեպքերը անհանգստացնում են Հեմիլթոնին:

«Ես զարմացած եմ, որ դա նրան անհանգստացնում է: Ես իրոք հիասթափված եմ, եթե նա դա լուրջ է ընդունել, ես երբեք այդպես չէի կարծում: Ես կարծում էի, որ այդ դեպքը նրա վրա չի ազդել»,-նշել է գործարարը:

Նա նաև խորհուրդ է տվել երեխաներին բերել արձանների մոտ և պատմել նրանց, թե ինչու են այդ մարդկանց արձանները կանգնեցվել:

xxxx during the Formula One Grand Prix of Mexico at Autodromo Hermanos Rodriguez on November 1, 2015 in Mexico City, Mexico.