Կորոնավիրուսի համավարակը լիովին փոխեց մեր կյանքը ու դա անդրադարձավ նաև կանանց արտաքին տեսքի վրա: Քանզի բոլորիս համար պարտադիր աքսեսուար դարձած պաշտպանիչ դիմակի տակից դեմքը չի երևում, գարնանից սկսած շատերը սկսեցին զերծ մնալ դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումից: Բայց քանի որ արդեն որոշ տեղերում` օրինակ, փոքր միջոցառումներին կարելի է ներկայանալ առանց դիմակի, կանայք սկսեցին կրկին հետաքրքրվել դիմահարդարումով:
Showbiz.am-ը զրուցել է դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ ու տեղեկացել դիմահարդարման աշնանային տենդենցների, այս եղանակին մաշկի ճիշտ խնամքի ու նորաձև գույների մասին, ինչպես նաև նրա ու դերասան Բեն Ավետիսյանի մոտակա ժամանակների հետ կապված անձնական ծրագրերի մասին: Դիանան նաև մեզ է տրամադրել իր կատարած նորաոճ դիմահարդարումների լուսանկարները, որոնք կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ ձեր հաջորդ դիմահարդարումն անելիս:
Դիանան մեր ընթերցողների հետ կիսվել է այս տարվա աշնանային դիմահարդարման մոդայիկ տենդենցներով։ Նա պատմում է, որ դիմահարդարման տեսանկյունից այս աշնանը բավականին լայն ընտրություն է ընձեռնված աղջիկներին ու կանանց` ասելով. «Այս տարվա աշնանային դիմահարդարման տենդենցներից է նուրբ և «թաց» դիմահարդարումը: Սակայն, ավելի ընդգծված դիմահարդարում նախընտրողների համար նույնպես մոդայիկ տարբերակներ կան` ոսկեգույն ստվերաներկը, smoky eyes-ը, ինչպես նաև նեոնային երանգների օգտագործումը»։










