Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին

Հանրային հեռուստաընկերության ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ 2020-ը» պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ֆորմատով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են և հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։

«Եվրատեսիլ» և «Մանկական Եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը ասել է.
«Հայաստանը Մանկական եվրատեսիլի հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։