Ինչո ՞ւ Հասմիկ Վերդյանը չցանկացավ նկարահանվել «Երջանկության մեխանիկա», և «Սարի աղջիկը» սերիալներում և ի ՞նչ ծրագրեր ունի նա ապագայում

 

Դերասանուհի Հասմիկ Վերդյանն օրերս զարմացրեց իր երկրպագուներին կտրուկ ոճափոխությամբ: Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմում է ոչ միայն իր ոճի, այլ նաև սերիալներում չնկարահանվելու պատճառների, նոր ծրագրերի և դժվար 2020 թվականի մասին:

Հասմիկը նշում է, որ վարսերի ոճը փոխելու որոշումը միանգամից է կայացրել ու կիսվում է, որ ինքը բավականին համարձակ է և՛ այդ, և՛ մնացած բոլոր հարցերում:
«Համացանցում պատահական տեսա, որ մոդել է հարկավոր ու դիմեցի իրենց, սկսնակ չեն ու շատ պրոֆեսիոնալ կերպով կատարեցին իրենց աշխատանքը: Ինձ շատ դուր եկավ արդյունքը, ընդհանրապես հաճախ եմ դիմում նման փոփոխությունների . եղել եմ սևահեր, կարմրահեր, հիմա էլ շիկահեր եմ: Շատ համարձակ եմ իմ տեսակով: Օրինակ՝ մայրս, քույրս շատ կոնսերվատիվ են, իսկ ես՝ ոչ: Լավ է, որ բոլոր գույները սազում են ինձ, ուղղակի մազերս տուժում են, բայց աշխատում եմ խնամել, որպեսզի քիչ վնաս լինի»:

Դերասանուհին նաև պատմում է, որ շուտով կներկայանա «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացման մեջ, իսկ օրեր առաջ կայացավ «Հարդասենյակ կանանց համար» ներկայացման պրեմիերան, որտեղ Հասմիկը հիասքանչ կատարեց իր դերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա երկար ժամանակ հանդես չի գալիս սերիալներում՝ Հասմիկն ասում է.

«Ճիշտն ասած, սերիալներում նկարահանվելու առաջարկ այս ընթացքում ունեցել եմ: Հրաչ Քեշիշյանի կողմից ստացա առաջարկը՝ «Երջանկության մեխանիկա»-ում նկարահանվելու համար, բայց դերի հետ կապված անհամաձայնություն եղավ: Ինձ առաջարկել էին գլխավոր հերոսի ընկերոջ ընկերուհու կերպարը, ու պետք է նկարահանվեի բաց տեսարաններում: Ես առահսարակ չեմ նկարահանվում նման տեսարաններում: Կարծում եմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում, այնպիսի գումար չեն տալիս, հանուն որի արժի նման տեսարանում նկարահանվել:
Այո, ես դերասանուհի եմ ու պետք է ամեն բան էլ խաղամ, բայց չհամաձայնեցի:

Դիանա Գրիոգրյանի «Սարի աղջիկը» սերիալում հրաժարվեցի նկարահանվել, որովհետև կան սկզբունքներ, որոնց վրայով չեմ ցանկանում անցնել։ Ուղղակի բաներ կան, որ իմը չեն, գուցե մեկ ուրիշի համար շատ լավ լինի նույնը»:

Դերասանուհին հավատացնում է, որ չնայած պանդեմիայի հետևանքով 2021 թվականը լի էր ֆինանսական խնդիրներով, միևնույն է չի զղջում սերիալների առաջարկները մերժելու համար, քանզի իր համար կարևոր է ոչ միայն գումարը, այլ նաև իր դերն ու հանդիսատեսի կարծիքն իր մասին:

«Քանի որ պետական աշխատանք  ունեմ, թատրոնի կողմից վարձատրվել եմ, և այդքան էլ դժվար չեմ տարել 2020 թվականը: Սովորել եմ արդեն, որ այսօր գործը կա, իսկ վաղը՝ չկա, այլևս ծանր չեմ տանոմ ու միշտ ինչ-որ բան նախաձեռնում եմ, տեղում չեմ մնում: Բայց գործը որքան էլ քիչ լինի ինձ դուր չեկող դերերի առաջարկները սերիալներից չեմ ընդունի: Բացի գումարից ինձ համար նաև կարևոր է՝ ինչպես ժողովուրդն ինձ կհիշի, կարևորում եմ մարդկանց կարծիքը, կախված չեմ այդ կարծիքից, բայց սա Հայաստանն է, ու չեմ ուզում վատ անդրադարձ ու ավելորդ խոսակցություններ լինեն: Ավելի լավ է չնկարահանվեմ, ուրիշ գործ անեմ, քան նկարահանվեմ այնտեղ, որտեղ չեմ ուզում:
Կարևոր չի առաջնային է կերպարս, թե երկրորդական, երրորդական: Եթե դերը լինի հետաքրքիր, ունենա ասելիք, կհամաձայնեմ. չէ՞ որ արվեստով մարդկանց վերադասատիարակում ես, դրա համար առաջնայինը կարևորություն եմ տալիս կերպարի բնավորությանը, տեսակին:
Պետք է հասկանամ՝ ով եմ, ինչ տեսակ կին եմ լինելու այս դերի մեջ»,-բացատրում է Հասմիկը:

Արդեն երկար տարիներ խաղալով և՛ թատրոնում, և՛ սերիալներում՝ Հասմիկը նշում է, թե որն է այդ ոլորտների գլխավոր խնդիրն ու ինչու են թուրքական սերիալները մեծ ճանաչում վայելում, հաղթում Կանի կինոփառատոնում, իսկ մեր սերիալները՝ ոչ:

«Նրանք ֆինանսապես հարուստ են, ներդրումներ են անում, ինչի շնորհիվ ստանում են լավ արդյունք, իսկ մենք ուզում ենք ստանալ լավ արդյունք, բայց ներդրում անել չենք սիրում, դրա համար ֆինանսներ են պետք, ամեն մեկը չպետք է իր մասին մտածի:
Ես Նոր տարվա ընթացքում գնացել էի  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, այնտեղ մանկական ներկայացում նայեցի ու հիացա, որովհետև գումար էր ներդրված: Դերասանները կարող էին ոչինչ չանել, բայց բեմն իրենց փոխարեն կաներ ամեն ինչ: Կցանկանայի, որ բոլոր ասպարեզներում այդպես լիներ»,-ասում է նա:

Հասմիկը նաև կիսվում է, թե ինչով էր զբաղվում վերջին ժամանակներս, ինչպես կարողացավ հաղթահարել պատերազմական դժվար շրջանը:

«Ռազմաճակատում ունեի շատ ընկերներ, շատերը եկան, շատերը զոհվեցին…Ամեն զոհի հետ շատ ծանր ապրումներ եմ ունեցել, իմ ընտանիքն էլ է շատ ծանր տարել: Ամբողջ ընթացքում, ասես, ընտանիքիս հետ պատերազմում լինեինք. մայրս գլխարկներ էր գործում, ուղարկում էր սահման, ես ցանցեր էի գործում, ինչքանով որ հնարավոր է փորձում էինք օգտակար լինել»:

Դերասանուհին հիշում է, որ 2020 թվականի հետ կապված շատ երազանքներ ու նպատակներ ուներ, սակայն չի տխրում, որ դրանք չիրականացան:

«2020-ին իմ երազանքները շատ-շատ էին, երևի դեռ ժամանակը չէ, որ ի կատար ածվեին: Պատերազմից հետո հասկացա, որ հույսը պետք է դնել միայն սեփական անձի վրա, շարունակել զարգանալ, ձգտել, ինքնակրթվել, այլապես ոչնչի չես հասնի կյանքում: Մեր տղաները զոհվեցին, հանուն նրանց, ովքեր պարտավոր են հիմա ավելի հզորացնել մեր երկիրը»,- ասում է Հասմիկը:

Իր խոսքը դերասանուհին եզրափակում է՝ կիսվելով 2021-ի գլխավոր երազանքով. 2021-ի համար խաղաղություն եմ ուզում, չեմ ուզում մեկի տանը լինի արցունք, որևէ մեկի մայրը արտասվի: Մոր համար ամենաթանկն իր զավակն է, դրանից կարևոր ոչինչ չկա:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան