Ո՞վ կլինի Էմիլիի նոր սերը․ «Էմիլին Փարիզում» սերիալի 2-րդ եթերաշրջանում նոր դերասաններ կավելանան

TVLine-ը հայտնում է, որ Լյուսիեն Լավիսկոնտը կմիանա դերասանական կազմին` որպես Լիլի Քոլինզի կերպարի նոր սեր Netflix-ի «Էմիլին Փարիզում» կատակերգական դրամայի առաջիկա երկրորդ եթերաշրջանում:

28-ամյա բրիտանացի դերասանը մարմնավորելու է Էմիլիի հայրենակից Ալֆիին: Հեգնական ու հմայիչ ցինիկ Ալֆին հրաժարվում է ֆրանսերեն խոսել կամ ծանոթանալ երկրի մշակույթին: Այս ամենը խոստանում է հետաքրքիր սիրային վայրիվերումներ և անակնկալներ:

Երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին կմիանան նաև դրամատուրգ և դերասան Ջերեմի Օ. Հարիսը և ֆրանսիացի հեռուստաաստղ Առնո Բինարը:

Հաղորդվում էր նաև, որ Ուիլյամ Աբադին, ով առաջին եթերաշրջանում էր հայտնվել էպիզոդիկ դերով, ավելի հաճախակի է հանդես գալու երկրորդ եթերաշրջանում: