Ռուս երգչուհի Սլավան 7-րդ բնակարանն է գնել և քննադատել ժլատ մարդկանց

Ռուս երգչուհի Սլավան (Անաստասիա Սլանեվսկայա) Մոսկվայում բնակարան է ձեռք բերել 100 մլն ռուբլով: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտնել է НТВ հեռուստաալիքով հեռարձակվող Ты не поверишь! հաղորդման ժամանակ:

Ինչպես նշում է աղբյուրը, դա արտիստուհու 7-րդ անշարժ գույքն է: «Ես պարզապես բնակարան եմ գնել, որի մասին երազում էի, որտեղից տեսարան է բացվում դեպի Մոսկվա գետն ու հին բարձրահարկ շենքերը: Այն բարձր է, 34-րդ հարկում»,- ասել է Սլավան:

Նրա խոսքով` բնակարանը դեռևս պատեր չունի և, ամենայն հավանականությամբ, դրանց թիվը նվազագույնն է լինելու, «անգամ լոգարանն է ննջասենյակում դրվելու»:

Բնակարանը գտնվում է «Մոսկվա-Սիթի» գործարար կենտրոնում: Հեռուստածրագրի շրջանակում դերասանուհին նաև խոսել է իր ֆինանսական բարեկեցության մասին և քննադատել ժլատ մարդկանց: «Պետք է պարզապես շատ վաստակել և լավ ծախսել: Երբ դու լավ ես ծախսում, փողը հաճույքով է վերադառնում քեզ մոտ: Միշտ այդպես է: Իսկ ժլատներին երբեք ոչինչ չի լինի, նրանք այդպես էլ կմահանան ժլատության մեջ»,- շեշտել է Սլավան: