Շերոն Սթոունն արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության բարձրագույն շքանշանին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը, Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության բարձրագույն «Արվեստների և գրերի շքանշանի հրամանատար» շքանշանի, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը`հավելելով, որ այն ստացել է Կաննի կինոփառատոնի տնօրեն Թերի Ֆրիմաքսի կողմից:

Մրցանակը ստանալիս 63-ամյա դերասանուհուն ուղեկցել է 70-ամյա դերասան Բիլ Մյուրեյը: Դերասանները միասին խաղացել են 2005 թվականին էկրաններ բարձրացած «Կոտրված ծաղիկներ» ֆիլմում:

Արվեստի ոլորտում բարձրագույն «Արվեստների և գրերի շքանշանի հրամանատար» շքանշանը հիմնադրվել է 1957 թվականի մայիսի 2-ին`Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոքսի կողմից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Շերոն Սթոունը Կաննի 74-րդ կինոփառատոնի շրջանակում «Իմ կնոջ կյանքը» ֆիլմի կարմիր գորգին ներկայացել է կապույտ երեկոյան զգեստով, որը զարդարված է եղել գունավոր ծաղիկներով: «Իմ կնոջ կյանքը» ֆիլմը հունգարացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Միլան Ֆյուրշտի 1942 թվականին հրապարակված վեպի էկրանավորումն է։ Վեպում իրադարձությունները ծավալվում են 1920-ականներին․ նավատորմի կապիտան Յեյքոբ Սթորն ընկերոջ հետ գրազ է գալիս, որ կամուսնանա առաջին պատահած կնոջ հետ, որը կմտնի այն սրճարանը, որտեղ նստած են։ Վեպը հրատարակվել է 1942 թվականին, սակայն անգլերեն թարգմանվել է միայն 1980-ականներին։