«Դեպի Հոլիվուդ ճանապարհը հարթ չի եղել»․ Պրիյանկա Չոպրան` Հոլիվուդում թուխ մաշկով կանանց վերաբերյալ կարծրատիպերի մասին․ տեսանյութ

Հնդիկ դերասանուհի, մոդել և երգչուհի Պրիյանկա Չոպրան BBC-ի The One Show-ի եթերում պատմել է Հոլիվուդում գլխավոր դերեր ստանալու մարտահրավերների, ֆիլմերում թուխ մաշկով կանանց վերաբերյալ կարծրատիպերի և դրանք կոտրելու մասին, գրում է Daily Mail-ը։

38-ամյա դերասանուհին, որը Բոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկն է, պատմել է, որ դեպի Հոլիվուդ ճանապարհը հարթ չի եղել, քանզի մարդիկ, նրա խոսքով, մինչ այսօր դժվարությամբ են ընդունում այն փաստը, որ «ֆիլմերի գլխավոր դերերում կարող են լինել թուխ մարշկով կանայք և տղամարդիկ»։

Չնայած իր հաջողություններին՝ դերասանուհին պնդել է, որ կինոարտադրության ոլորտը դեռևս հեռու է «բազմազանությունից»՝ հիշելով, որ երբ Բոլիվուդից նոր էր տեղափոխվել Հոլիվուդ, իրեն միայն երկրորդական դերեր էին առաջարկում։

«Սկզբում ես սկսեցի երաժշտությամբ զբաղվել ԱՄՆ-ում։ Պայմանագիր ունեի Interscope records-ի հետ, մի քանի ձայնասկավառակ եմ թողարկել, բայց երաժշտությունը չէր համապատասխանում իմ ստեղծագործական չափանիշներին, ուստի որոշեցի զբաղվել իմ սիրելի գործով՝ դերասանական վարպետությամբ»,- ասել է Չոպրան։