Հրապարակվել են աշխարհի ամենահայտնի նորաձևության ապրանքանիշերի անունները

Իտալական Gucci նորաձևության տունը կրկին դարձել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը՝ ըստ Lyst հարթակի տվյալների։ Ի դեպ, ապրանքնիշը ցանկն առաջին անգամ չի գլխավորում։ 2020թ․-ի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ևս Gucci-ն առաջին տեղում էր։

Փորձագետները լյուքս դասի ապրանքանիշի հաջողությունը կապել են Balenciaga ապրանքանիշի հետ համագործակցության, ինչպես նաև հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդենի և երգիչ Հարի Սթայլզի մասնակցությամբ «GucciBeloved» գովազդային արշավի նկարահանման հետ։

Հագուստ արտադրող ամենապահանջված ապրանքանիշերի ցանկում երկրորդ և երրորդ տեղերում  Dior-ն ու Nike-ն են, որոնք, նախորդ տարվա վարկանշային ցանկի համեմատությամբ, փոխել են տեղերը։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Louis Vuitton և Prada ապրանքանիշերը։

Ցանկում ներառվել են նաև այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Balenciaga, Moncler, Bottega Veneta, Yves Saint Laurent, Versace, Fendi, Burberry, Off-White, Alexander McQueen, Valentino, Loewe, Givenchy, Balmain, Jacquemus և Rick Owens.

Lyst-ի վարկանիշային աղյուսակը կազմվում է նորաձև հագուստի որոնման համանուն հարթակի կողմից, որն ամսվա ընթացքում հետևում է ավելի քան ինը միլիոն գնորդի վարքագծի։ Տվյալները հավաքվում են Google-ում և սոցիալական ցանցերում որոնողական հարցումների, ինչպես նաև մանրածախ վաճառքի հիման վրա։