«Մենք ձեզ արգելում ենք շարունակել»․ Գարիկ Մարտիրոսյանն ասել է՝ ինչու է հեռացել Առաջին ալիքից

Երգիծաբան և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ու նրա գործընկեր Սերգեյ Սվետլակովը ռուսական Առաջին ալիքի «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումից հեռացել են մեկ այլ հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրի պատճառով: Գարիկ Մարտիրոսյանն այդ մասին ասել է «Կովալսկի» յութուբյանյան ալիքին։

Հումորիստի խոսքով՝ TNT-ն դեմ չի եղել, երբ իրեն ու Սվետլակովին հրավիրել են «Պրոժեկտորպերիսհիլթոն» վարելու, բայց մի քանի տարի անց հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է։

«Ինչ-որ պահի TNT-ում ասացին․ «Տղաներ մենք ձեզ արգելում ենք շարունակել»»,- հիշում է Մարտիրոսյանը։

Շոումենը նշել է, որ TNT-ն նման պայման ներկայացնելու իրավունք ուներ, քանի որ երգիծաբանների հետ երկարամյա պայմանագիր էր կնքել: Եթե Մարտիրոսյանն ու Սվետլակովը մնային Առաջին ալիքում, այդ դեպքում ստիպված կլինեին հրաժարվել TNT-ի բոլոր հայտնի նախագծերից։

Հիշեցնենք` «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը Առաջին ալիքով հեռարձակվեց 2008-2012 թվականներին։ Այն վարում էին Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն։ Նախագիծը եթեր դուրս եկավ նաև 2017 թվականի մարտից մինչև դեկտեմբեր։