Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծությունն ամենաաղմկահարույցներից է Հոլիվուդի պատմության մեջ։ Հայտնիները բաժանվել են 2017 թվականին, սակայն դատական գործընթացը դեռ շարունակվում է` նրանց համատեղ կյանքի վերաբերյալ նորանոր մանրամասներ ի հայտ բերելով:
Դերասանի նախկին կինը հոգեբանին պատմել է, թե ինչպես է Ջոնին առաջին անգամ ձեռք բարձրացրել իր վրա։
«Մենք նստած էինք բազմոցին և պարզապես զրուցում էինք: Չենք կռվել, նման բան չի եղել։ Ջոնին խմում էր և թմրանյութ օգտագործում։ Հետո ես հարցրի նրա թևի դաջվածքի մասին, քանի որ այն անընթեռնելի էր։ Նա ինձ պատասխանեց, որ այնտեղ գրված է «ալկոհոլիկ» բառը։ Մտածեցի, որ կատակում է ու սկսեցի ծիծաղել, իսկ նա վերցրեց ու հարվածեց դեմքիս։ Ես նորից ծիծաղեցի, դա իմ պաշտպանական ռեակցիան էր։ Բայց նա ամենևին էլ կատակների տրամադրություն չուներ, և նորից հարվածեց ինձ,- խոստովանել է Էմբեր Հերդը,- Հետո նա հանգստացավ և սկսեց արտասվելով ներողություն խնդրել։ Նա երդվում էր, որ էլ երբեք այդպես չի վարվի, և ես նրան հավատացի»։
Դատաբժշկական և կլինիկական հոգեբան Դոն Հյուզը 29 ժամ զննել է Էմբեր Հերդին, մի շարք թեստեր է անցկացրել, ինչպես նաև խոսել է նրա մոր և այլ բժիշկների հետ: Ինչպես գրում է The Washington Post-ը, մասնագետը դերասանուհու մոտ ախտորոշել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Բժիշկն ասել է, որ Հերդի ախտորոշումը կապված է Դեփի բռնության հետ։ Նա հավելել է, որ համաձայն չէ Դեփի կողմից աշխատանքի ընդունված հոգեբան Շենոն Քարիի մեթոդների և եզրակացությունների հետ։ Քարին ավելի վաղ հայտարարել էր, որ դերասանի նախկին կինը տառապում է անհատականության խանգարումով և անհատականության հիստերիկ խանգարմամբ։
Հոգեբանի խոսքով՝ Դեփն իսկապես «բռնության լուրջ գործողություններ» է կիրառել իր նախկին կնոջ նկատմամբ։ Հոգեբանը հավելել է, որ Էմբերին մանուկ հասակում բռնության է ենթարկել նաև հայրը, որը տրամադրության կատաղի պոռթկումներ է ունեցել: Դեփի հետ ամուսնության ժամանակ դերասանուհին դիմել է «բռնության չնչին ձևերի», քանի որ նա միայն գոռացել է և իրեր նետել շուրջը, բացատրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Էմբեր Հերդն ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ մեղադրելով դերասանին ծեծի և մահվան սպառնալիքների համար: Ինքը՝ Դեփը, հակառակն է պնդում։ Այժմ դերասանը զրպարտության հայց է ներկայացրել News Group Newspapers-ի հրատարակիչ Ռուպերտ Մերդոկի և լրագրող Դեն Ուոթոնի դեմ, որոնք գրել են Դեփի հարձակման մասին: