«Աստղային» բժիշկը նախազգուշացրել է ինքնամեկուսացման շրջանում գաջեթներով տարվելու վտանգների մասին

Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում գտնվող մարդիկ չափից երկար են զբաղվում գաջեթներով, մինչդեռ հեռուստացույցի, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններին երկար ժամանակ նայելը կարող է վտանգել մարդկանց առողջությունը և «անտեսանելի արևահարման» պատճառ դառնալ, գրում է Daily Mail պարբերականը։

Արևմտյան շոու բիզնեսի աստղերին սպասարկող բժիշկ Բարբարա Սթուրմը նշել է, որ գաջեթների արձակած և բարձր էներգիայով օժտված լույսը (High Energy Visible light) կարող է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափ վնասակար լինել: Այն կարող է ոչ միայն մաշկի վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման, այլ նաև, վերջին հետազոտությունների համաձայն, քաղցկեղի առաջացման հանգեցնել։

Ճգնաժամային այս իրավիճակում, երբ մարդիկ օրական մոտ տասը ժամ են անցկացնում էկրանների առջև, բժիշկ Սթուրմը խորհուրդ է տալիս պաշտպանիչ ակնոց կրել, մաշկի խնամքի պարագաներ օգտագործել և հեռու նստել հեռուստացույցից։

Բժշկի խոսքով՝ մարդիկ գիտեն, որ պետք է արևից պաշտպանվեն, և դրա համար ակնոց են կրում ու պաշտպանիչ քսուկներ օգտագործում, սակայն ոչ բոլորն են գիտակցում, որ  HEV ճառագայթներից պաշտպանվելը նույնպես անհրաժեշտություն է։

Բժիշկը խոսել է նաև քնից առաջ գաջեթների օգտագործման վնասի մասին՝ նշելով, որ դրա հետևանքով խախտվում է մարմնի բնական «ժամացույցը», և դա նպաստում է կորտիզոլ հորմոնի առաջացմանը: Մասնագետը մանրամասնում է, որ տվյալ հորմոնը պատասխանատու է քնի ընդհատման համար:

The Moffitt ուռուցքաբանական կենտրոնի բժիշկների խոսքով՝  օրգանիզմում նման խաթարումները կարող են տղամարդկանց մոտ հանգեցնել շագանակագեղձի, իսկ կանանց մոտ՝  կրծքագեղձի քաղցկեղի։

Բարբարա Սթուրմը համագործակցում է մի շարք աստղերի հետ, այդ թվում՝ Վիկտորիա Բեքհեմի, Գվինեթ Փելթրոուի, Քեյթ Մոսի: