Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում Դիսնեյլենդ կառուցելու և Հոլիվուդ ստեղծելու ցանկության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է իր՝ երկրում Դիսնեյլենդ ստեղծելու ցանկության մասին։

Զելենսկին պարզաբանել է, որ իր ցանկությունը պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր ուկրաինացիները կարող են իրենց թույլ տալ այցելել ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում գտնվող նման զվարճանքների զբոսայգիներ։

«Ես կցանկանայի, որ Ուկրաինայում Դիսնեյլենդ կառուցվեր։ Շատ կցանկանայի։ Ես իսկապես կարծում եմ, որ մեր երեխաներն արժանի են դրան․ ոչ բոլորը կարող են ԱՄՆ կամ Փարիզ մեկնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ կցանկանար ամերիկյան բիզնեսը բերել Ուկրաինա և հայտարարել է էներգետիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և զվարճանքի ոլորտներում ներդրումներ կատարող անձանց օգնելու պատրաստակամության մասին:

Հարցազրուցի ընթացքում նա նաև խոսել է Ուկրաինայում Հոլիվուդ ստեղծելու ցանկության մասին։

«Ես կցանկանայի Ուկրաինայում Հոլիվուդ ստեղծել, հիանալի կլիներ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: