Պլասիդո Դոմինգոն սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո ներողություն է խնդրել

Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն իր շուրջ ծագած սեքս սկանդալի ֆոնին, ինչպես նաև բոլոր մեղադրանքները հերքելուց հետո ներողություն է խնդրել իրեն մեղադրողներից: Դոմինգոն ներողություն է խնդրել նրանց «ցավ» պատճառելու համար՝ ասելով, որ «լիակատար պատասխանատվություն» է ստանձնում իր գործողությունների համար, գրում է The Guardian-ը:

Իր հայտարարության մեջ երգիչը, մասնավորապես, ասել է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում խորհել եմ գործընկերներիս կողմից իմ հասցեին հնչած մեղադրանքների շուրջ: Հարգանքի է արժանի այն, որ այդ կանայք ի վերջո որոշել են բարձրաձայնել իրենց մեղադրանքները, և ես ցանկանում եմ, որ նրանք իմանան՝ ես իսկապես ափսոսում եմ ցավ պատճառելու համար: Ես լիովին ընդունում եմ իմ գործողությունների պատասխանատվությունը: Հիմա գիտակցում եմ, որ շատ կանայք անկեղծորեն չեն արտահայտել իրենց կարծիքը՝ վախենալով, որ դա կարող է վատ անդրադառնալ նրանց կարիերայի վրա: Ոչ ոք չպետք է այդպիսի զգացողություն ունենա: Ես նպատակ ունեմ օպերային մշակույթում դրական առումով փոփոխություններ մտցնել, որպեսզի ոչ ոք այլևս չանցնի այս ամենի միջով: Ես հույս ունեմ, որ իմ ջանքերի արգասիքը կլինի այն, որ օպերան աշխատանքի համար ապահով վայր կդառնա»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին 11 կին Դոմինգոյին մեղադրել էր սեռական ոտնձգություններ կատարելու համար: Նրանց մեծ մասը ցանկացել էր անանուն մնալ, քանի որ մինչ այժմ գործում են նույն ոլորտում և չեն ցանկանում բախվել հնարավոր բացասական հետևանքներին:

Դրանից առաջ՝ օգոստոսի 13-ին 9 կին Դոմինգոյին մեղադրել էր սեռական ոտնձգությունների համար, որոնք տեղի էին ունեցել սկսած 1980-ականներից: Ընդ որում, նրանցից միայն մեկը՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆն է բացահայտ խոսել այդ մասին: