«Առաջին գիրքը գրել եմ արյունով, որովհետև ուզում էի խոսել այն մարդկանց հետ, որոնք չկան պատերազմից հետո»․ Նարինե Աբգարյան

«Պետք է հույսդ քեզ վրա դնես, ոչ թե սպասես, որ Եվրոպայից, Ռուսաստանից կամ ասենք Չինաստանից մի խելոք քեռի գա ու քո բոլոր խնդիրները լուծի: Մենք պետք է լուծենք մեր խնդիրները, մեր հույսը մենք պետք է լինենք»,- Futures Studio-ի և  Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած՝ «Խոսենք ապագայից» շարքի առցանց հանդիպման ժամանակ ասաց մոսկվաբնակ գրող Նարինե Աբգարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան երկրորդ պատերազմի մասին էլ գիրք գրի, հատկապես որ առաջին պատերազմին անդրադարձել է «Շարունակել ապրել» գրքով, գրողն ասաց, որ վստահ չէ:

«Առաջին գիրքը գրել եմ արյունով, որովհետև ուզում էի խոսել այն մարդկանց հետ, որոնք չկան պատերազմից հետո…
Թե ինչ է լինում պատերազմը վերապրածների հետ, դա էլ չգիտեինք: Ես Տավուշից եմ, որտեղ մարդիկ սերունդներով ապրում են պատերազմական վիճակում, հիվանդ մարդիկ են, դա հոգեբանական տրավմա է…
Կանայք ավելի հուզական լինելով՝ ամեն հաջորդ նյարդային վիճակից հետո հիվանդանում են, հիվանդանում են, որովհետև տղամարդիկ քիչ են այդտեղ, ծառայում են սահմանին կամ շատերը զոհվել են: Ծերերը հաշվում են իրենց կյանքի տևողությունը պատերազմից պատերազմ…
Ես վստահ չեմ, որ կգրեմ նոր գիրք, կամ միգուցե դա կլինի մի հինգ տարի հետո: Ցավոք, հիմա ոչ միայն տարեցները, այլև երիտասարդներն էլ սկսել են պատերազմից պատերազմը հաշվել իրենց կյանքի տևողությունը»,-նշեց գրողը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ դեղատոմս նա չգիտի, իսկ իր դեղատոմսն այսպիսին է՝ չհանձնվել վախերին, հուսահատությանը հատկապես, որ պետությունն այժմ հետտրավմատիկ վիճակում է:
Ասում է.«Այցելեցի բժշկին, ասաց՝ ուրախ եմ, որ աշխատում եմ 20 ժամ և ժամանակ չունեմ ապրումակցելու, դրանից հետո լաց եղավ, ասաց՝ երկու միլիոն հայ ունեմ բուժելու Հայաստանում և ինը միլիոն դրսում»,- հավելում է Նարինեն: