Մեթյու Մաքքոնահին չի բացառել Տեխասի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը

Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնահին The Balanced Voice յութուբյան փոդքասթով ելույթ ունենալիս հայտարարել է, որ կմտածի Տեխասի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու մասին:

Ինչպես փոխանցում է Lenta.ru հաղորդման ժամանակ 51-ամյա դերասանը պատմել է իր մասին՝ խոսելով ընտանիքի, հայր լինելու և Տեխասի համալսարանում որպես դասախոս աշխատելու մասին: Մտածելով այն հարցի շուրջ, թե ինչով հետագայում կցանկանա զբաղվել կինոյից բացի, դերասանն ասել է. «Իսկապես կարծում եմ, որ կարող եմ ուրիշների հետ կիսվել գիտելիքներով և ինչ-որ բան սովորեցնել»:

Փոդքասթի հաղորդավար Ռանիա Մանքարիուսը հարցրել է դերասանին՝ կարո՞ղ է արդյոք կյանքում նրա հաջորդ քայլը լինել Տեխասի նախահանգապետի պաշտոնում առաջադրվելը: «Այդ հարցի շուրջ պետք է լրջորեն մտածել»,- պատասխանել է օսկարակիր դերասանը:

Անցյալ տարվա նոյեմբերին Մաքքոնահին նույնպես խոսել էր քաղաքականություն մտնելու մասին՝ գնահատելով իր հնարավորություններն այդ ասպարեզում: Սակայն այն ժամանակ նշել էր, որ նման գործունեությունն իրեն անհույս է թվում:

Տեխասի նահանգապետի ընտրություններն անցկացվելու են 2022 թվականին: Դերասանը ծնունդով Տեխասից է և այժմ ընտանիքի հետ միասին ապրում է այնտեղ: