«Մայրս ձեռքս բռնած ծնարանում է եղել ինձ հետ». Նարե Համբարձումյանի առաջին հարցազրույցը՝ ծննդաբերությունից հետո

Օրեր առաջ՝ օգոստոսի 19-ին Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Նարե Համբարձումյանը  մայրիկ դարձավ. Նարեի և ամուսնու՝ Արմեն Սարգսյանի երջանկությանը չափ ու սահման չկար: Նրանք իրենց առաջնեկի համար ընտրել են Մարկ անունը: «55 սմ երկար երջանկություն». նման գրառմամբ էր հանդես եկել նորաթուխ մայրիկը որդու ծննդյան օրը: Նարեն ծննդաբերությունից հետո իր հույզերը, նոր զգացողություններն ու տպավորությունները պատմել է ShowBiz.am-ին:

«Ամսի 18-ի գիշեր և 19-ի վաղ առավոտ արդեն իսկ զգացի, որ մի բան այն չէ,  և գնացինք հիվանդանոց: Մի քանի ժամ անց ծնվեց մեր Մարկը: Իմ ու բալիկիս առաջին հանդիպումն ուղղակի աննկարագրելի էր. ես բառերով չեմ կարող բացատրել, թե ինչեր էի զգում: Միայն հիշում եմ, որ նրան տեսնելուն պես անընդհատ լաց եմ եղել, արցունքները չէին դադարում  աչքերիցս հոսել: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ ծնվելուց հետո, երբ լացում էր Մարկը, դրեցին ինձ վրա, և նա, զգալով իմ ջերմությունը,  անմիջապես ձայնը կտրեց. այդ պահն ուղղակի աննկարագրելի է»:

Ի դեպ, ծննդաբերության ողջ ընթացքում Նարեի կողքին է եղել նրա մայրը. «Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ մայրը աղջկա կողքին է լինում ծնարանում. նա ձեռքս բռնած, հերոսաբար կողքիս կանգնած էր, իսկ երբ լսեց երեխայի ճիչը, սկսեց արտասվել»:

Մարկի ու հայրիկի առաջին հանդիպումը ևս հեքիաթային ու անբացատրելի է եղել: Նարեն նշում է , որ ինքը անհամբեր սպասում էր, թե երբ է ամուսինը գնալու իրենց տեսնելու, իսկ տեսնելուն պես նորաթուխ հայրիկի աչքերը փայլում են և հուզվում է:

Մարկ անունը Նարեն և Արմենը միասին են որոշել և շատ արագ. «Ես ուզում էի, որ կարճ անուն լիներ, իսկ Արմենը՝ միջազգային: Եվ շատ քիչ մտածելուց հետո հասկացանք, որ Մարկ պետք է լինի: Ի դեպ, մեր փոքրիկին մտովի պատկերացնում էինք բոյով և նորածնի հագուստը սովորականից մի քիչ ավելի մեծ էինք գնել և չսխալվեցինք. նա 55 սմ հասակով է ծնվել, իսկ քաշը 3.360 կգ: Ե՛վ ինձ է նման, և՛ Արմենին. երկուսիս խառնուրդը կարծես լինի»,-ուրախությամբ պատմում է նա:

Նարեն խոստովանում է, որ դեռ մինչև հիմա վերջնականապես չի գիտակցում ու հասկանում, թե ինչ է կատարվել. «Ժամերով նայում եմ փոքրիկիս, առիթը բաց չեմ թողնում նրան գրկելու ու սիրելու. տարված եմ միայն նրանով»:

Նորաթուխ մայիկը պատմեց, որ ինքը 9 տարեկան էր, երբ ծնվեց իր կրտսեր եղբայրը, և շատ լավ հիշում է երեխայի խնամքի հետ կապված ամեն բան, չի վախենում ոչնչից, նրան գրկելուց, պահելուց, իսկ մայրական բնազդը դեռևս հղիության ժամանակ է ձևավորված եղել իր մոտ: Նա նաև նշեց, որ տատիկներն, իհարկե միշտ օգնում են, կօգնեն, սակայն ինքն ամբողջությամբ պատրաստ է խնամել ու պահել իր բալիկին:

Նարեն ու Մարկը դեռ հիվանդանոցում են, 1-2 օրից կգնան տուն և այն ժամանակ արդեն ակնհայտորեն նկատելի կլինի կյանքում տեղի ունեցած փոփոխությունը, իսկ զրույցի վերջում էլ Նարեն նշեց, որ ինքն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում. «Փառք Աստծո՝ ամեն բան բարեհաջող է եղել, և մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք տուն գնալու հայրիկի հետ»:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան