Ջենիֆեր Լոպեսը փեսացուից բաժանվելուց հետո չի վերադարձրել 1,8 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին

Հայտնի է, որ դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը փեսացուից բաժանվելու պաշտոնական հայտարարությունից հետո շարունակում է իր մոտ պահել 1,8 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոպեսն ու ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին: Լոպեսն ու Ռոդրիգեսը, որոնք միասին են 2017 թվականից և արդեն 2 տարի է, ինչ նշանադրված էին, հայտնել են, որ չեղարկում են իրենց նշանադրությունն ու փորձելու են ընկերներ մնալ:

«Մենք գիտակցեցինք, որ ավելի լավ ընկերներ ենք և ամեն ինչ կանենք ընկերներ մնալու համար: Մենք կշարունակենք աշխատել միասին և աջակցել միմյանց մեր համատեղ բիզնեսներում և նախագծերում: Մենք լավագույնն ենք ցանկանում միմյանց և մեկս մյուսի երեխաներին: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ և աջակցող խոսքեր են ուղարկել մեզ»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:

Աղբյուրը նշել է, որ թանկարժեք նշանադրության մատանին Լոպեսի մոտ է, և նա այն պահում է տանը։

Զույգի նշանադրությունը տեղի էր ունեցել 2019 թվականին Բահամյան կղզիներում։ Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը նշանադրված էր դերասան Բեն Աֆլեքի հետ, ով 2002 թվականին 1,2 միլիոն դոլար արժողությամբ մատանի էր նվիրել դերասանուհուն և առաջարկություն արել։